Մոսկվայում մեկնարկել է բժիշկ Լիզայի վերջին հրաժեշտի արարողությունը
Մոսկվայում մեկնարկել է դեկտեմբերի 25-ին Սև ծովում կործանված ինքնաթիռում գտնվող բժիշկ, «Արդար օգնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, մարդասիրական ծրագրերով հայտնի Ելիզավետա Գլինկայի, որն առավել հայտնի էր բժիշկ Գլինկա անունով, հրաժեշտի արարողությունը, հայտնում է RIA Novosti-ն։
Արարողությունն անցկացվում է Մոսկվայի Նովոդևիչի մենաստանի Ուսպենսկի տաճարում։ Ավելի ուշ տեղի կունենա բժիշկ Լիզայի հուղարկավորությունը։
Հուղարկավորությունն ու հրաժեշտի արարողությունը անցկացվելու են ուղղափառ ծիսակարգով։ Տաճարում դրված է փակ դագաղը, նրա առաջ՝ Ելիզավետա Գլինկայի լուսանկարը՝ սգո ժապավենով։
Դագաղի հարևանությամբ դրված են սգո դափնեպսակներ ամուսնուց, որդիներից, մտերիմներից, ընկերներից։
Գլինկան որոշել էր անձամբ ուղեկցել մարդասիրական բեռը, որը նախատեսված էր Լաթաքիայի Տիշրին համալսարական հոսպիտալի համար:
Բժիշկ Գլինկան երկար տարիներ զբաղվել է անօթևաններին, փախստականներին, պատերազմներից, հակամարտություններից տուժածներին օգնություն ցուցաբերելով։
Նրա «Արդար օգնություն» հիմնադրամը հայտնի է նաև Լեռնային Ղարաբաղում ծավալած գործունեությամբ։ 1990-ականների սկզբին բժիշկ Լիզան օգնել է Մոսկվա տեղափոխել պատերազմի դաշտում ծանր վիրավորված զինծառայողներին, որոնք շտապ վիրահատության կարիք էին զգում։ Նրա գործունեության շնորհիվ հաջողվել փրկել շատերի կյանքը։
Պատերազմից հետո նա շարունակել է ակտիվորեն աջակցել Արցախին՝ ուղարկելով մարդասիրական օգնություն։ Ելիզավետա Գլինկան Արցախ է այցելել նաև 2009թ., որտեղ նպաստել է արցախցի փոքրիկների սրտի վիրահատությունների իրականացմանը։
Նա կազմակերպել էր մարդասիրական օգնության տրամադրում բժշկական գործիքների ու վիրակապային նյութերի տեսքով նաև 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։