Բաժիններ՝

Ստատուս քվոյի խաթարմամբ շահագրգիռ միակ կողմը Ադրբեջանն է. Ֆրանկ Էնգել

Միակ կողմը, որ կարող է շահագրգռված լինել ստատուս քվոյի խաթարմամբ, Ադրբեջանն է: Նման կարծիք «Արմենպրես»­-ի հետ զրույցում հայտնեց Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:

«Ցավալի է, երբ Մինսկի խումբը շարունակում է կոչ անել երկու կողմերին հեռու մնալ ագրեսիայից եւ մեղադրանքներից այն դեպքում, երբ յուրաքանչյուր դիտորդի համար պետք է միանշանակ պարզ լինի, թե ում է պետք իրավիճակի ապակայունացումը»,­ ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով՝ դեկտեմբերի 29-­ին հայ­ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ցանկանում է հայ հասարակության շրջանում սերմանել վախի եւ անապահովության զգացողություն:

«Նա ցանկանում է դրդել հայկական կողմի անհամաչափ ռազմական հաշվեհարդարին: Միայն այս դեպքում այն կկարողանա արդարացնել հայկական զինված ուժերի դեմ մեծածավալ ռազմական գործողությունները»,­ընդգծեց Ֆրանկ Էնգելը:

ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ­արևելք ընկած պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29­ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում: Հայկական կողմից զոհվել է երեք զինծառայող: Դիվերսիոն անհաջող փորձից 12 օր հետո Մինսկի խմբի
համանախագահները հայտարարություն են տարածել` նշելով, թե Բաքուն և Երևանը շարունակում են մեղադրել միմյանց 2016 թվականի դեկտեմբերի 29­-ին հայ­ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներխուժման փորձի առնչությամբ, որի հետևանքով գրանցվեցին մահվան դեպքեր:

Սյուզի Մուրադյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս