ԵՊՀ առաջին կուրսի ուսանողին մեղադրանք է առաջադրվել սպանության համար
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ ՆորքՄարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ԵՊՀ 1-ին կուրսի ուսանողին` նույն համալսարանի այլ ֆակուլտետի ուսանող Վ.Մուրադյանի սպանության, վերջինիս համակուրսեցի Ռ.Մարտիրոսյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունվարի 11ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, «Շտապօգնություն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում գտնվող տաղավարի սեղանին հայտնաբերվել է Վահե Մուրադյանի (ծնված՝1998 թվականի դեկտեմբերին) դին՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրածծակած վնասվածքով, իսկ մեկ այլ երիտասարդ՝ Ռաֆֆի Մարտիրոսյանը (ծնված 1999 թ. մարտին), «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակածկտրած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեից տեղափոխվել է «թիվ 1 համալսարանական հիվանդանոց»:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1ին մասի և 112-րդ հոդվածի 1ին մասի հատկանիշներով:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է տեղի ունեցած հանցագործությունը. փաստական տվյալներ են ձեռք բերվել վիճաբանության մասնակիցների շրջանակի վերաբերյալ, որի ժամանակ Վ.Մուրադյանին պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի, իսկ Ռ.Մարտիրոսյանին` ծանր մարմնական վնաս, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` ԵՊՀ առաջին կուրսի ուսանողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի և 112րդ հոդվածի 1ին մասերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նրա բնակության վայրում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մոխրագույն ծալովի դանակ. կասկածյալի հայտարարության համաձայն` նշված դանակով է հարվածներ հասցրել Վ.Մուրադյանին եւ Ռ.Մարտիրոսյանին:
Նախաքննությունը շարունակվում է: Էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: