Բաժիններ՝

Կիրք, ատելություն և թաքնված հարգանք. «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ»

Կիրք, ատելություն և թաքնված հարգանք. սրանք բառեր են, որ բնորոշում են Անգլիայում ամենասպասված դիմակայություններից մեկը:

ԱՊԼ-ի պատմության 50-րդ հակամարտությունը խոստանում է լինել անչափ ինտրիգային, հետաքրքիր և լարված: Չնայած այն բանին, որ «Չելսին» արդեն բավականին շատ միավորներ ունի և դժվար թե թույլ տա ինչ-որ մեկին շրջանցել իրեն՝ «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի»՝ չեմպիոն դառնալու հավանականությունը ոչ ոք չի բացառել:

Ծննդյան տոների ընթացքում Մոուրինիոն կարողացավ հրաշալի արդյունք գրանցել՝ հագեցած գրաֆիկում չսայթաքելով և տանելով 6 հաղթանակ՝ 6 խաղում անընդմեջ:

Իսկ այ Կլոպը չի կարող ասել, որ ջրից չոր դուրս եկավ, քանի որ առանց իր թիմի առաջատար Կոուտինիոյի չկարողացավ լավ արդյունք գրանցել՝ մեկ անգամ պարտվելով և 2 անգամ ոչ ոքի խաղալով: Սակայն, սրանք սայթաքումներ էին, որ չխանգարեցին «Կարմիրներին» լինել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում:

Կադրային խնդիրներ

Հիմա Կլոպից պետք է սպասել ռիսկային քայլի, քանի որ «Լիվերպուլի» համար այս խաղը շատ կարևոր է: Հարց է առաջանում արդյո՞ք այս երեք միավորը այնքան կարևոր են Կլոպի համար, որ նա Կոուտինիոյին դուրս կբերի դաշտ առաջին րոպեներից, թե՞ գերմանացի մարզիչը ավելի հեռանկարային կգտնվի: Փաստը մեկն է. Կոուիտինիոն դեռևս պատրաստ չէ ամբողջական հանդիպում անցկացնելու: Նույն իրավիճակն է նաև Հենդերսոնի և Մատիպի դեպքում:

Պորտուգալացի մարզիչը, կարելի է ասել, կադրային խնդիրներ չունի: Միակ բացառությունը Շոուն է, ով միայն այս շաբաթ է վերադարձել մարզումների: Չնայած պետք է հաշվի առնել այն, որ անգամ ամբողջովին պատրաստ լինելու դեպքում Շոուն դժվար թե տեղ գտներ մեկնարկային կազմում:

Կիսապաշտպանների դեպքում Մոուրինիոն ունի մեծ ընտրություն: Հաշվի առնելով այն, որ նախորդ խաղերում Ժոզեի թիմին պետք էր արագություն՝ մեկնարկային կազմում խաղում էին Լինգարդն ու Մխիթարյանը: Այս խաղը դժվար թե բացառություն լինի:

Հավանական կազմեր

«Մանչեսթեր Յունայթեդ»-Դե Խեա, Ջոնս, Ռոխո, Բլինդ-Կարիկ, Էրերա, Պոգբա-Մխիթարյան, Լինգարդ-Իբրահիմովիչ

«Լիվերպուլ»-Մինիոլե-Քլեյն, Լովրեն, Կլավան, Միլներ-Ջան, Հենդերսոն, Վեյնալդում-Լալանա, Ֆիրմինիո,Կոուտինիո

Չեն խաղա Բաիլին, Ինգզը,Սախոն և Մանեն:

Հարցականի տակ է Շոուի, Մատիպի և Հենդերսոնի մասնակցությունը:

Ի՞նչ են ասում մարզիչները

Ժոզե Մոուրինիո

«Մենք ոչ միայն 6 անպարտելի խաղ անցկացրինք, այլև լավ արդյունք գրանցելու հաճույքը ստացանք: Մենք դեռ ևս մեկ շատ կարևոր խաղ ունենք, այնպես որ պետք է շարունակենք վայելել հաճույքը: Ես և ֆուտբոլիստները պետք է մեզ լավ դրսևորենք, որպեսզի կարողանանք հաղթել «Լիվերպուլին»: Այն, ինչ մեզ օգնում էր հաղթել նախորդ խաղերում, հնարավոր է չբավականացնի «Կարմիրներին» հաղթելու համար»:

Յուրգեն Կլոպ

«Նախորդ խաղերի համեմատ՝ հիմա «Յունայթեդի» ֆուտբոլիստները ավելի լավ են զգում իրար: Կարելի է բերել միայն Մխիթարյանի օրինակը: Շատ նորմալ է, որ Հենրիխի ադապտացիան շատ ժամանակ չպահանջեց: Հիմա Մոուրինիոն օգտագործում է նրա լավագույն որակները: Հիմա «Յունայթեդը» ավելի վստահ տեսք ունի: Սա ամբողջովին ուրիշ թիմ է»:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա այսօր` Երևանի ժամանակով 20:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս