Բաժիններ՝

Խաղում ես ոչ թե քո, այլ ակումբի վեհությունը ցույց տալու համար. Հենրիխ Մխիթարյանը՝ DailyMail­-ին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի»­ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը DailyMail պարբերականի հետ զրույցում խոսել է «Լիվերպուլի»­ հետ խաղի, Յուրգեն Կլոպի և Ժոզե Մոուրինիոյի, «կարմիր սատանաների» կազմում հանդես գալու մասին:

Խոսելով «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի մասին՝ հայ կիսապաշտպանն ասել է. «Ես «Մանչեսթեր Սիթիի»­ դեմ խաղում վատ խաղացի: Ինձ պետք էր հասկանալ, թե որտեղ էի սխալվում, ինչ է պետք անել դրանից հետո: Ես Մոուրինիոյի հետ շատ էի խոսում, և նա ինձ վստահություն ներշնչեց»:

Հիշելով «Յունայթեդ»­ում առաջին օրերին ստացած վնասվածքի մասին` Մխիթարյանը առանձնացրել է, որ ինքը ոգևորված էր այն մտքից, որ խաղալու է ՄՅ-ու­ի կազմում, դրա համար էլ չի ասել Մոուրինյոյին ոտքի ցավի մասին. «Հաջորդ անգամ ավելի զգույշ կլինեմ, հարկավոր չէ ռիսկի դիմել: Երբ առաջին անգամ «Օլդ Տրաֆորդում»­ դուրս եկա փոխարինման, մի պահ փշաքաղվեցի»,- ­ասել է Մխիթարյանը:

Անդրադառնալով իր նախկին մարզիչ Յուրգեն Կլոպին և ներկայիս մարզիչ Ժոզե Մոուրինյոնին, որպես համեմատություն Մխիթարյանը փաստում է. «Մոուրինյոն ընկերական է, բայց գուցե նաև խիստ: Նա կարող է լավագույնն ստանալ քեզնից: Գուցե նա չի գրկում իր ֆուտբոլիստներին, ինչպես Կլոպը, բայց դու զգում ես նրա վստահությունը, որը շատ կարևոր է ֆուտբոլիստի համար»:

««Մանչեսթեր Յունայթեդի»­ կազմում կան տեխնիկապես շատ հարուստ ֆուտբոիստներ, բայց դու պետք է խաղաս ի սրտե: Խաղում ես ոչ թե քո, այլ ակումբի վեհությունը ցույց տալու համար: Նվիրված պետք է լինես, այլապես երկրպագուները կզգան դա»,­ կարևորել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը: Խոսելով «Լիվերպուլի»­ հետ խաղի մասին՝ հայ ֆուտբոլիստը փաստել է, որ այն խաղ է 6 միավորի համար և ինքը կարող է օգնել թիմին:

Անգլիական պարբերականն անդրադարձել է նաև Հայաստանին` մեջբերելով մի քանի փաստեր: «Նոյյան տապանի և աշխարհի առաջնության աստղերի երկիր Հայաստան: Մխիթարյանի հայրենիքը սահմանակից է Թուրքիային, Վրաստանին, Ադրբեջանին և Իրանին: Անկախություն է ձեռք բերել 1991 թվականին: Ժամանակին այն իր տարածքի մեջ էր ընդգրկում Արարատ լեռը` Նոյյան տապանը հանգրվանած սարը»,­- գրում է DailyMail-­ը, որն «աշխարհի առաջնության աստղերի երկիր Հայաստան» գրելով՝ նկատի է ունեցել ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի նախկին անդամներ Յուրի Ջորկաեֆին և Ալեմ Բոգոսյանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս