Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատի ակադեմիայում և շախմատի տանը հետևել է խաղերի ընթացքին

Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել հունվարի 8-ից մեկնարկած` Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 7-րդ հուշամրցաշարի ընթացքին, որը կեզրափակվի հունվարի 16-ին:

Շվեյցարական մրցաշարին մասնակցում է 760 շախմատիստ Հայաստանից, Արցախից, Շվեդիայից և Վրաստանից: 

Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, որտեղ հունվարի 11-ից անցկացվում են Հայաստանի տղամարդկանց 77-րդ և կանանց 72-րդ առաջնությունները: Մրցաշարերն անցկացվում են շրջանային մրցակարգով: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ, այդ թվում` 7 գրոսմայստեր և 3 միջազգային վարպետ: Մասնակիցների թվում են շախմատի կրկնակի Օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը, աշխարհի թիմային չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայաստանի գործող չեմպիոն Զավեն Անդրիասյանը, մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Մանուէլ Պետրոսյանն ու մինչև 16 տարեկանների աշխարհի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը: Կանանց մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստուհի, այդ թվում` 3 միջազգային վարպետ: Մրցաշարերի հաղթողները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմերում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս