ԹՈՒՄՈ-ն կկրթի ժամեկտային զինծառայողներին
Հայաստանի պաշտպանության նախարարության և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի («Թումո») միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով Հայաստանի զինված ուժերում ժամկետային զինծառայողները կուսուցանվեն «Թումո»-ի կողմից:
Հուշագիրը ստորագրել են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, հիմնադրամի խորհրդի անդամ Բեկոր Փափազյանը։
Վիգեն Սարգսյանը նշել է, որ ծրագիրը կնպաստի զինվորների կրթական հնարավորությունների ավելի լայն շրջանակի ձևավորմանը։ «Պետք է այնպես անել, որպեսզի զինվորական ծառայության տարիները նպաստեն ոչ միայն ֆիզիկական ամրապնդմանը, ռազմական ունակությունների ու մասնագիտական կարողությունների զարգացմանը, այլև ընդհանուր գիտելիքների հարստացմանը»,- ասել է Վիգեն Սարգսյանը։
Հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց հերթին վստահություն են հայտնել, որ ծրագիրը հաջողելու է, աշխատանքը լինելու է արդյունավետ և շարունակական։
Հուշագրով նախատեսված համագործակցության շրջանակում հիմնադրամի ծրագիր հանդիսացող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը պատրաստակամ է պարտադիր ժամկետային զինծառայողներին ուսուցանել 21-րդ դարի հմտությունները՝ կենտրոնի ծրագրի հատուկ տարբերակով։ Ուսումնական ծրագիրը ներառում է կենտրոնի արտադպրոցական ծրագրի 14 ուսումնական ոլորտների ընտրանին։
Ծրագրում ներառված են հետևյալ ուղղությունները՝ համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, համակարգչային գրաֆիկա, թվային երաժշտության ստեղծում։
Զինծառայողների ուսումնական գործընթացը կազմակերպվելու է զինված ուժերի զորամասերի մերձակա «Թումո» կենտրոններում՝ նախապես սահմանված գրաֆիկով և 18 ամիս ժամկետով։ Դասընթացներն անցկացվելու են երեք` սկսնակ, միջին և առաջադեմ մակարդակներով, յուրաքանչյուրը չորս շաբաթ տևողությամբ։
Դասընթացներին մասնակցող յուրաքանչյուր զինծառայող կանցնի չորս շաբաթ տևողությամբ նախապատրաստական վարժանքների և գործնական դասընթացների հաջորդական ծրագիր։
Կնքված հուշագրով Կողմերը կհամագործակցեն նաև գիտական, մասնագիտական գրականության, մեթոդական ձեռնարկների, աշխատությունների, պարբերականների և այլ նյութերի փոխանակման ու հրատարակման, ինչպես նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում Կողմերի գործունեությանը և մասնագիտացմանն առնչվող գիտագործնական, ինչպես նաև մասնագիտական և կազմակերպական բնույթի այլ ուղղություններով: