«Դրամն այս տարի կայուն կլինի». Մեսրոպ Առաքելյան
Այս տարի ՀՀ դրամի փոխարժեքը համեմատաբար կայուն կլինի: Նման կանխատեսում 168.am-ի հետ զրույցում արեց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:
«Դեռ 2 տարի առաջ դրամի արժեզրկումից հետո շատերը կրկին կանխատեսում էին որոշակի արժեզրկում, սակյան այս տարիների ընթացքում էական փոփոխություն չի եղել, տատանումները կրել են սեզոնային բնույթ կամ կարճաժամկետ իրավիճակների ազդեցությամբ են եղել: Հաշվի առնելով շարունակվող այն հիմքերը, որոնք չեն նպաստի արժեզրկմանը, ես կանխատեսում եմ, որ առաջիկա մեկ-երկու տարում, եթե կտրուկ տնտեսական փոփոխություններ չլինեն, արժեզրկում տեղի չի ունենա: Թեև 2014 թ. արժեզրկման հիմնական մեղավորը տրանսֆերտների նվազումն էր, որը դեռևս պահպանվում է, սակայն դրամական միջոցների արտահոսքի նվազումը նույնպես քչացել է»,- ասաց Մ.Առաքելյանը:
Ըստ նրա, մասնավորապես, ՀՀ տնտեսության պասիվացման պատճառով մեզ մոտ նվազել է ներմուծումը, այսինքն` այն գումարը, որ երկրից դուրս էր գալիս, և մենք դրա փոխարեն ստանում էինք տրանսֆերտներ, նույն չափով ներմուծումն է նվազել և, կարելի է ասել, հաշվեկշիռը պահպանվում է ու չի թողնում, որ դրամն արժեզրկվի.
«Նախորդ տարի ականատես եղանք նաև մեծ ծավալի նոր ներդրումների բանկային համակարգում, ԿԲ-ի կողմից կապիտալի ավելացման պահանջի արդյունքում, և շատ քիչ բանկեր միացան, հիմնականում կապիտալն ավելացվեց: Եվ այժմ դրամի ավելցուկ կա շուկայում, և դա նույնպես հնարավորություն է տալիս որոշակի ժամկետում զսպել դրամի արժեզրկումը:
Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայում արժեզրկումն ուղղակիորեն ազդեցություն չի ունենա մեր երկրում դրամի արժեզրկման վրա, և լուրջ փոփոխություն փոխարժեքը չի կրի»: