ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը` Հայաստանում ընտրական գործընթացի բարեփոխումների վերաբերյալ
Հայաստանում կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների հարցերով գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել է կարիքների գնահատման առաքելության զեկույցը, որում առանձնացված են մի շարք դրական կողմեր և առաջընթաց ընտրական գործընթացների բարեփոխումների վերաբերյալ:
Զեկույցում կարևորվում է այն հանգամանքը, որ Հայաստանում ընտրական գործընթացի բարեփոխումները իրականացվել են հանրային լայն քննարկումների ու քաղաքական կոնսենսուսի առկայության արդյունքում:
Զեկույցում նշվում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարիքների գնահատման առաքելության շատ զրուցակիցներ մեծապես ողջունել են օրենսդրական փոփոխությունները՝ քաղաքական ուժերի միջև հանրային քննարկումներն ու համագործակցության մթնոլորտը համարելով դրական քայլ՝ ուղղված նախքան ընտրությունները հանրային վստահության մթնոլորտ ձևավորելուն:
ՀՀ ընտրական նոր օրենսգրքում հաշվի են առնվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում ներկայացված մի շարք առաջարկություններ, այդ թվում՝ այն առաջարկությունները, որոնք վերաբերում էին ընտրողների ցուցակներին և նույնականացմանը, կանանց՝ որպես թեկնածուների ներկայացվածությանը, բողոքներին և դիմումներին, ինչպես նաև քարոզչությանը և նախընտրական քարոզչության ֆինանսավորմանը։
Ըստ զեկույցի, քաղաքացիական հասարակությունը ակտիվ գործունեություն է ծավալել նոր Ընտրական օրենսգրքի քննարկումների ընթացքում։ Այն կարևոր դեր է կատարել ընտրական բարեփոխումների գործընթացում, թեև միշտ չէ, որ համաձայն է եղել վերջնական բարեփոխումների հետ։