«Ես չեմ փոխվելու, եթե փոխվելու են, իրենք են փոխվելու». Ազատ Արշակյանը պարզաբանում է՝ ինչու է աջակցում Սեյրան Օհանյանին
168.am-ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը
– Պարոն Արշակյանը, ինչպե՞ս եք վերաբերվում նախընտրական դաշինքների ստեղծմանը և ո՞ր դաշտում եք ձեզ պատկերացնում։
– Ես ողջունում եմ, շատ ուրախ եմ, որ վերջապես ձևավորվում են համապետական կուսակցություններ։ Ես անձամբ համակրում եմ դրանցից մի քանիսին, դրանց անունները չասեմ։ Քանի որ մեր «Միացյալ Հայաստանը» մշակման մեջ է, մենք հայտարարեցինք, որ աջակցելու ենք Սեյրան Օհանյանին՝ իր քաղաքական պայքարում, ողջունեցինք նրա մուտքը քաղաքականություն և որոշեցինք, որ պետք է աջակցենք, ես արդեն պետք է աջակցեմ այն ուժերին, որոնք պետք է համախմբվեն Սեյրան Օհանյանի շուրջը կամ կաջակցեն Սեյրան Օհանյանին։ Ես կլինեմ այդ ճամբարում։
– Դուք ավելի շատ արևմտամետ կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչ եք եղել, ինչո՞վ է պայմանավորված, որ դուք աջակցում եք մի քաղաքական գործչի, ում պաշտոնավարման ժամանակ ՀՀ-ն անդամակցեց ԵԱՏՄ-ին, որին դեմ չէր նաև ինքը։
– Արևմուտքն ինքը մեզ մտցնում է այդ անվտանգության համակարգում, որովհետև ինքը մեզ իր անվտանգության համակարգ չի ընդունում, օրինակ՝ ՆԱՏՕ չի հրավիրում, այլ համագործակցում է ՀՀ-ի հետ, որը ռուսական իմպերիայի անվտանգության համակարգի մեջ է, այսինքն՝ այդտեղից պետք է սկսենք։ Ես երբ ասում եմ, որ դեմ եմ իմպերիային, ասում եմ, որ կողմ եմ դաշինքին և գործընկերությանը, ես վասալությանն եմ դեմ, համաձայն չեմ, որ մենք լինենք կրտսերը, կամ աղքատ ազգականը, ես համարում եմ, որ անկախ նրանից, թե մենք ինչ չափսեր կամ քանակ ունենք, մենք լինենք գործընկեր, հիմա կլինենք Արևմուտքի՞ հետ գործընկեր, թե՞ Արևելքի հետ, մեր ազգային շահերը, պետականությունը չզիջենք այլ երկրների կամ միությունների շահերին։ Այդ իմաստով՝ ես երբեք չեմ ասել՝ կորչի այս անվտանգության համակարգը, ես միշտ ասել եմ՝ ազգային անվտանգության համակարգ պետք է լինի։ ՀԱՊԿ-ն պետք է ծառայի մեզ։ Ինձ թվում է՝ բոլորը, այդ թվում՝ նաև Սեյրան Օհանյանը, որը ռազմական գեներալ է, ինքն անձամբ գիտի՝ ինչ է նշանակում ռազմական անվտանգությունը։
Կարծում եմ՝ ես այստեղ մեղք չեմ գործել և չեմ շեղվել իմ գաղափարներից։ Արևմտականությունը ինձ համար քաղաքակրթական ուղղվածություն է։ Ինձ համար միևնույն է, թե ով կլինի մեր ավագ եղբայրը, ես չեմ ուզում ավագ եղբայր ունենամ, ես ուզում եմ եղբայր ունենամ, ուզում եմ հավասար լինել։ Ես այստեղ իմ կարծիքը չեմ փոխում, այստեղ պետք է ուրիշները մտածեն, ովքեր մեզ հրավիրում են համագործակցության, նրանք պետք է որոշում կայացնեն՝ ընդունո՞ւմ են մեզ այսպիսին, թե՞ ոչ, ես իմ ազգանունը, իմ ծագումը և իմ գաղափարները չեմ փոխում։
– Կարո՞ղ եք հստակեցնել՝ ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցմանը։
– Շատ վատ եմ վերաբերվում, մենք այստեղ չենք անդամակցել, մեզ այնտեղ շանտաժով և բռնությամբ են տարել, դա մեռնող, չկայացած, աղքատների միություն է, դա զարգացում չի ենթադրում, մեզ տարել են այնտեղ։
– Եթե Սեյրան Օհանյանը գա իշխանության, ով այդ հարցում ունի նույն դիրքորոշումը, ինչ ներկայիս իշխանությունները, ի՞նչն է փոխվելու։
– Փոխվելու է այն, որ ես իրենց ակումբից եմ լինելու, իրենց ականջին դա ասելու եմ բարձրաձայն, ինչպես հիմա եմ ասում, ես չեմ փոխվելու, եթե փոխվելու են, իրենք են փոխվելու, եթե նրանք այդպիսին չեն, գուցե նրանք այդպիսին չեն, գուցե մենք գաղափարակիցներ ենք, ուղղակի այս էտապում նրանք այդ մասին չեն հայտարարել։
Այսինքն՝ դուք կարծում եք, որ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարելո՞ւ են, որ մենք աղքատների ակումբի անդամ ենք ուզում լինենք և ուզում ենք աղքատների երկրում ապրել, ես չեմ կարծում, որ նրանք այդպիսի հայտարարություն կանեն։
– Ինչո՞ւ եք հավատում, որ նրանք կգան և փոփոխություններ կբերեն։
– Իրենց խոստումները, հայտարարությունները… Հայտարարել են, որ փոփոխություններ են կատարելու, դեմ են Հայաստանի այսօրվա կարգավիճակին, դեմ են այսօրվա տնտեսական քաղաքականությանը, տնտեսական իրավիճակին, անվտանգության քաղաքականությանը, այս բոլորին դեմ են, ես էլ եմ դեմ։
– «Ելք» դաշինքն էլ է խոստումնալից հայտարարություններ անում։
– Շատ լավ է, ես նրանց հետ էլ կուզեի համագործակցել, հույս ունեմ, որ մենք վերջին հաշվով կկարողանանք միասին դա անել, ես համակրում եմ նրանց։ Եթե հանկարծ այս դաշինքները միանան իրար, համագործակցեն, շատ լավ կլինի։