 
                        Թուրքիայի մեջլիսում փնտրում են 15 հազար եվրո արժողությամբ միկրոֆոնը
 
                                    Թուրքիայի Ազգային մեծ ժողովում սահմանադրական փոփոխությունների առաջարկների քննարկման ընթացքում պատգամավորների միջև սկսված ծեծկռտուքի ժամանակ անհետացել է ամբիոնի միկրոֆոնը:
Այս մասին տեղեկացնում է թուրքական Diken գործակալությունը: 15 հազար եվրո արժողությամբ միկրոֆոնը գտնելու նպատակով մեջլիսում անվտանգության աշխատակիցների և տեխնիկական մասնագետների մասնակցությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով:
Մեջլիսի պաշտոնյաներից մեկը նշել է, որ ամենայն հավանականությամբ տեսագրությունների միջոցով հնարավոր կլինի պարզել, թե ով է տարել միկրոֆոնը, որը կռվի ժամանակ պոկվել է և նպատակ է ունեցել ծառայել որպես «մահակ»:

Նա խնդրել է տվյալ անձին իրենց վերադարձնել միկրոֆոնը: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հունվարի 11-ին նախագահի լիազորություններին վերաբերող սահմանադրական փոփոխությունների քննարկումներն ուղեկցվել էին ծեծկռտուքով:
Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամները գրավել էին ամբիոնը, ինչին խառնվել էին իշխո «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները: Արդյունքում ընդդիմադիր և իշխանական պատգամավորները սկսել էին բռունցքներով հարվածել միմյանց: Նրանցից մի քանիսը վիրավորվել էին:
Իշխող կուսակցության փոխնախագահ Ֆաթիհ Շահինն անգամ կոտրել էր քիթը: Վնասվել էր հիմնական ամբիոնը, որը հիմքից պոկվել էր:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        