Թուրքիայի մեջլիսն ընդունել է սահմանադրական փոփոխությունների առաջարկի ևս երեք հոդված
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հունվարի 13ի երեկոյան շարունակվել են սահմանադրական փոփոխությունների քննարկումները, որոնց արդյունքում ընդունվել են փոփոխությունների առաջարկի 9րդ, 10րդ և 11րդ հոդվածները:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: 343 կողմ և 137 դեմ ձայներով ընդունված 9րդ հոդվածը վերաբերում է երկրի նախագահին պատասխանատվության ենթարկելուն:
Ըստ նախատեսվող փոփոխության` հանցանք գործելու հիմնավորմամբ երկրի նախագահին դեմ կարող է հետաքննություն սկսել մեջլիսի անդամների ամբողջ թվի բացարձակ մեծամասնության առաջարկով:
10-րդ հոդվածը, որն ընդունվել է 343 կողմ և 135 դեմ ձայներով, կապված է երկրի փոխնախագահների հետ: Դրանում նշվում է, որ փոխնախագահներին ընտրում է երկրի նորընտիր նախագահը: Նախագահի պաշտոնի թափուր մնալու պարագայում 45 օրվա ընթացքում նոր ընտրություններ պետք է իրականացվեն: Քանի դեռ նոր նախագահ չի ընտրվել, նախագահի լիազորություններն անցնելու են փոխնախագահին:
Երկրի նախագահի հիվանդ լինելու կամ արտերկրում գտնվելու պարագայում ևս փոխնախագահը կատարելու է երկրի ղեկավարի լիազորությունները: Փոխնախագահները պետք է մեջլիսում երդում տան:
341 կողմ և 134 դեմ ձայներով ընդունված 11րդ հոդվածը վերաբերում է մեջլիսի և նախագահի ընտրություններին: Փոփոխության համաձայն` մեջլիսի անդամների 3/5րդի պահանջով կարող են նոր ընտրություններ հրավիրվել: Խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են նախագահի ընտրությունների հետ նույն օրը:
Եթե նախագահը պաշտոնավարման երկրորդ շրջանում է և մեջլիսը նոր ընտրությունների որոշում է կայացնում, նա կարող է ևս մեկ անգամ առաջադրվել:
Թե նորընտիր խորհրդարանի, թե երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը լինելու է 5 տարի:
Ավելի վաղ Մեջլիսը քննարկել և անց էր կացրել մյուս սահմանադրական փոփոխությունները: