ԵԱՀԿ ԽՎ նախագահը հորդորել է երկարաձգել ԵԱՀԿ գրասենյակի մանդատը Երևանում
                                    ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ ավստրիացի Քրիստին Մուտոնենը հորդորել է անհապաղ համաձայնության գալ կառույցի անդամ որոշ երկրներում ԵԱՀԿ մանդատի երկարաձգման հարցում: Այս մասին տեղեկացրին ԵԱՀԿ ԽՎ գրասենյակից:
«Դաշտային առաքելությունները երկար ժամանակ է ԵԱՀԿ կարևոր գործառույթներից են, որոնք օգնում են ԵԱՀԿ երկրներին հավատարիմ մնալ իրենց հանձնառություններին և հանդիսանում են կազմակերպության քարոզչական ներուժի կարևոր տարր»,- նշել է Մուտոնեն:
2016 թվականի դեկտեմբերի 31-ին լրանում է Հայաստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում ԵԱՀԿ դաշտային առաքելությունների մանդատի ժամկետը:
Հայաստանը սատարում է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի գործունեությանը և վերջինիս մշտապես աջակցություն է ցուցաբերում, մասնավորապես, ԵԱՀԿ-ում ընդունվող համապատասխան որոշումների շրջանակներում: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը` «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ Երևանի գրասենյակի փակման մասին խոսակցությունները:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    