Որպեսզի հակամարտության աշխարհագրությունը չընդլայնվի
Համանախագահների վերջին հայտարարության մեջ Վիեննայի եւ Պետերբուրգի կոչերը վերահաստատելը նշանակում է հերթական անգամ 1994-95-ի զինադադարը հիմք ունենալ իբրեւ գլխավոր իրավական համաձայնագիր:
Հավելենք, որ մինչեւ Վիեննա մշտադիտարկման համակարգի հաստատման մասին էր խոսքը, Վիեննան խոսում էր հետաքննության մեխանիզմի մասին. մշտադիտարկումը ավելի չեզոք հասկացություն է, մինչ հետաքննությունը ենթադրում է հանցագործի բացահայտում եւ իրավականորեն նաեւ հետեւանքի վերացում: Ինչն էլ ավելի է բացատրում ադրբեջանական կողմի խուսափումը այս բառապաշարի եւ այս հասկացության օգտագործումից:
Պետք չէ անտեսել, որ համանախագահների նոր հայտարարությունը ներառել է այս բաժինը, առանց շրջանցելու անշուշտ ԵԱՀԿ-ի կողմից հերթական անգամ դրսեւորվող պատասխանատվությունների հավասարեցման անբովանդակ մոտեցումը: Պաշտոնական Երեւանի արձագանքը նշելով, որ երբ դիվերսիոն ադրբեջանցի զինվորի դին հայտնաբերվում է հայկական տարածքում, պարզ է թե ո՛վ է նախահարձակը, առանց հատուկ մշտադիտարկման գործիքակազմերի եզրահանգումների:
Այս բոլորը պարզ են համանախագահների համար: Բայց շարունակվում է ավանդական, չեզոք, «անկողմնակալ» մոտեցման դրսեւորումը, որը հիմնական որեւե բեկումնային պահ ստեղծելու որեւե նախադրյալ չի պարփակում իր մեջ:
Դիտարկելի է նաեւ այն, որ ԵԱՀԿ-ի միջնորդական ձեւաչափը լիազորված է սկզբունքով արցախյան հակամարտության բանակացությունները վարելու եւ այդ պարունակում Արցախի եւ Ադրբեջանի շփման գծերի վրա կատարված միջադեպերի նկատմամբ գնահատական տալու միայն. սա Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի պետական սահմանին վերաբերող դեպք է, այլ խոսքով` Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետությանն ուղղված ռազմական գործողություն: Գուցե Բաքուն պիտի մեղադրվի ՀԱՊԿ-ի հարթության վրա կամ միջազգային այլ կառույցների կողմից` երկրորդ կողմի ուղղությամբ ռազմական ոտնձգության փորձ իրականացնելու մեղադրանքով:
Հավանաբար, հայտարարության հետեւյալ բաժինը ուշադրություն է գրավում.
«Համանախագահները նաեւ կոչ են ուղղում անհապաղ վերադարձնել աճյունը, 2010-ին բարձր մակարդակով Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, հաշվի առնելով տվյալ հարցի բացառապես մարդասիրական բնույթը»:
Միջազգային կառույցների մոտ օրինաչափ է շեշտադել մարդասիրական բնույթի հարցերը եւ հղում կատարել միջազգային պայմանավորվածությունների, այս դեպքում աճյունների վերադարձի կամ ընդհանրապես ռազմագերիների փոխանակման անհրաժեշտությունն ընդգծելով:
Անտեղի չպիտի լիներ այստեղ հիշել վարժողական ծրագիր իրականացնող հայկական խոցված ինքնաթիռի պատահարը եւ այդ առիթով նահատակված հայ զինվորների աճյունները հայկական կողմին վերադարձնելու գործողություններն արգելակած Բաքվի օրինակը: Ո՛չ ԵԱՀԿ-ը, ո՛չ Միջազգային կարմիր խաչը, ո՛չ էլ միջազգային որեւէ մարդասիրական կառույց չհաջողեց վերացնել ադրբեջանական արգելքը, որպեսզի միջազգային կողմը հայ սպաների աճյունները հանձնի հայկական կողմին: Համանախագահների կողմից այս հստակությամբ չհնչեց նաեւ հրամայական` հայ զինվորների աճյունների հանձնման:
Հայկական զինյալ ուժերը նկատելով, որ սպառել են մարդասիրական բոլոր փորձերը, որոշեցին իրականացնել աճյունների, եւ անհրաժեշտ գույքերի ազատագրման եւ դրանց հայրենադարձության գործողությունը: Գուցե ժամանակակից ռազմարվեստի պատմության մեջ նմանը չունեցած եզակի գործողություն, որը շրջապատեց, վնասազերծեց խոցված ինքնաթիռի տարածքը, չեզոքացրեց թշնամու կողմից լարված ծուղակը եւ փրկեց հայ նահատակների աճյունները:
Համանախագահները պետք է նկատած լինեն նաեւ, որ մեկը վարժողական ծրագիր իրականացնող հայկական ինքնաթիռ էր ու հայ սպաներ, մյուսը` ներթափանցման գործողություն իրականացնել փորձող ադրբեջանցի դիվերսանտ։
Համենայն դեպս, Չինարիի դեպքի ուղղությամբ միջազգային ընտանիքի իրավական գնահատականը չպետք է ուշանա, այլապես նման դեպքերը կարող են հանգեցնել Բաքվի նկատմամբ անպատժելիության, ինչ որ իր հերթին կարող է արտոնել Բաքվին կրկնելու նման ապարդյուն փորձեր. այդ դեպքում լուրջ մտահոգություն կառաջանա, որ հակամարտության աշխարհագրությունը կարող է ընդլայնվել եւ նոր տարածություն տեղափոխվել։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր