
«ԼՂ հարցում չի կայացվի որոշում, որին դեմ կլինեն Հայաստանի քաղաքացիները». Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա ասուլիսում ներկայացրեց իր մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Նա վտահեցնում է՝ Հայաստանը տրամաբանական բանակցությունների արդյունքում կարողանալու է ապահովել իր հաղթանակը և անվտանգությունը, ինքնասիրությունը:
«Թե ինչ սցենարով կընթանան բանակցությունները, ես այս պահին անտրամաբանական եմ համարում խոսել այդ թեմայով, բայց վստահ եմ, որ մենք ունենք տարբերակ, որպեսզի այդ բանակցությունների միջոցով ապահովենք մեր անվտանգությունն ու հաղթանակը»,- նշեց վարչապետը:
Անդրադառնալով հարցին՝ կո՞ղմ է հարցի լուծման փոխզիջումային տարբերակին, վարչապետը պատասխանեց. «Նայած, թե ինչ փոխզիջման մասին է խոսքը: Եկեք այդ մասին խոսենք, երբ կգա ժամանակը: Ես համոզված եմ, որ այս հարցում չի կայացվելու մի որոշում, որին դեմ կլինեն Հայաստանի քաղաքացիները, քանի որ սա շատ մեծ պատասխանատվություն է»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը: