
«ggTruck». «GG» ընկերությունը նոր ծառայություն է իրականացնում

Հայկական «GG» ընկերությունը ներկայացրել է նոր պրոդուկտ: ggtaxi-ի համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը տեղեկացնում է, որ այսուհետ gg-ի միջոցով հնարավոր է պատվիրել նաև բեռնատար մեքենաներ:
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մեքենաների միջոցով հնարավոր է տեղափոխել կահույք, տեխնիկա և ցանկացած այլ բան, որը չի տեղավորվի սովորական ավտոմեքենաներում: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ բեռնատար մեքենաները հարմար կլինեն թե՛ անհատների և թե՛ ձեռնարկությունների համար:
Բեռնատար մեքենաները կարժենան 2000 դրամ՝ 1-5 կիլոմետրերի դեպքում, այնուհետև 1 կիլոմետրը կարժենա 250 դրամ: Առաջին 20 րոպեների համար սպասելավարձ չկա, իսկ 20 րոպե հետո 5 րոպե սպասելավարձը կարժենա 100 դրամ:
Մեքենաների համար վճարումներ կարելի է կատարել քարտի միջոցով, ինչը, ըստ ընկերության ներկայացուցիչների՝ առավել հարմարավետ է դարձնում ծառայությունը:
Խաչատուր Գրիգորյանը նշում է, որ GG թիմը նպատակ ունի չսահմանափակվել եղած պրոդուկտներով: Արդեն այս տարի ընկերությունը կներկայացնի մի քանի նորույթներ, ինչպես նաև կբարելավի մյուս ծառայությունների որակը:
«Մեր նպատակն է՝ սպասարկման բարձր/տարբերվող որակի տարածումն այն ոլորտներում, որտեղ մենք ներկայացված ենք:
Մենք ստեղծում ենք նոր մշակույթ և հետևողականորեն պահում և հղկում ենք մատուցվող ծառայությունների որակը»,- նշում է Խաչատուր Գրիգորյանը:
Սիրարփի Աղաբաբյան