Բաժիններ՝

Քաշաթաղի շրջանում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին Քաշաթաղի շրջանի Վուրգավան համայնքի միջնակարգ դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

Լաբորատորիայում սովորում են ինչպես՝ Վուրգավանի, այնպես էլ՝ հարակից բնակավայրերի դպրոցականները: Ինժեներական լաբորատորիան գործում է անվճար հիմունքներով:

Լաբորատորիան կահավորված է եռաչափ տպիչով, համակարգիչներով և ռոբոտաշինության հավաքածուներով: Այստեղ աշակերտները կարող են ստանալ ժամանակակից ինժեներական կրթություն՝ սովորելով ծրագրավորման և ռոբոտաշինության հմտություններ:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ գործում են ՀՀ-ի և Արցախի 194 դպրոցներում: «Արմաթում» սովորում են արդեն շուրջ 5000 դպրոցականներ: 2016-ին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներն արժանացել են 2 միջազգային հեղինակավոր մրցանակի: Դրանք են Բրազիլիայում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի WITSA Global Excellence Award մրցանակաբաշխության «Կայուն զարգացման» և Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման մրցանակաբաշխության «ՏՏ կրթության լավագույն մատակարարի» տիտղոսները (The best provider of IT education):

Քաշաթաղի շրջանի Վուրգավան համայնքի միջնակարգ դպրոցի «Արմաթ» լաբորատորիան ստեղծվել է «Հայրենասեր» կազմակերպության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) համատեղ ֆինանսավորմամբ: ԻՏՁՄ-ն ներդրել է «ԴիջիԹեք» ցուցահանդեսի ժամանակ իրականացված դրամահավաքի և ԻՏՁՄ անդամ-կազմակերպությունների ամանորյա միջոցառման մուտքավճարների ամբողջ հասույթը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս