«Հնարավոր է՝ օլիգարխները կրկին առավելություն ունենան մյուսների հանդեպ»

Հարցազրույց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանի հետ

– Պարոն Կիրակոսյան, խորհրդարանական ընտրություններից առաջ ակտիվ բանակցություններ են ընթանում տարբեր ուժերի միջև, նոր կուսակցություններ, նոր դաշինքներ են ստեղծվում: Ըստ Ձեզ՝ նախընտրական խմորումներն ո՞ւր են տանում։

– Ինձ համար մտահոգիչ է այն, ինչ տեղի է ունենում։ Ըստ էության, ամբողջ դաշտը ձևավորվում է հանրապետական-հակահանրապետական գաղափարախոսության մեջ, որը, կարծում եմ, շատ թույլ է ընդդիմության համար։ Ընդդիմությունն այդ պարագայում շատ քիչ շանսեր կունենա որևէ արդյունքի հասնելու, որովհետև ռեալ այլընտրանք չի դառնում, այլ դառնում է հայելանման, հակառակ մի բան Հանրապետականին։ Այդ պարագայում ես մտավախություն ունեմ, որ կա՛մ արհեստական ընդդիմության էլեմենտներ կմտնեն, որոնք սկզբնական շրջանում ինչ-որ հակահանրապետական ճառեր կասեն, իսկ հետո դաշինք կկազմեն դրա հետ, կա՛մ կլինի իսկապես ընդդիմադիր ինչ-որ մաս, որն այդ գաղափարախոսությամբ մեծամասնության չի կարող հասնել։ Անհրաժեշտություն կար, որ ընդդիմությունն ու դաշինքները պրագմատիկ իրական խնդիրների շուրջ լինեին։

Երկրորդ ուղղությունը, որով բևեռացումներ են գնում, ռուսամետ և արևմտամետ մոտեցումներն են։ Ես կարծում եմ՝ դա էլ է շատ արհեստական։ Ընտրողի համար այդ երկընտրանքն արհեստական է, որովհետև իրականում նույն քաղաքական գործիչներն էլ են հասկանում, բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանը «կամ-կամ»-ի նման հնարավորություն չունի, պետք է փորձի երկու բևեռների միջև խաղալ։ Իսկ եթե քո գաղափարական տարբերության հիմքը դրա մեջ ես դնում, ստիպված պետք է սրես, չես կարող միջանկյալ հայտարարություններով հանդես գալ։ Իսկ այդ սրելը նշանակում է, որ ընտրողի աչքից լրիվ ընկնելու ես, որովհետև դա ռեալ չէ, մեր պարագայում չես կարող ամբողջությամբ արևմտյան կամ ամբողջությամբ ռուսական կողմնորոշում ունենալ։

Վերջինն էլ Տեր-Պետրոսյանի մոտեցումն էր, որ, կարծում եմ, ուղղակի հասարակության ուշադրությունը գրավելու հայտ էր, ոչ թե գաղափարախոսական հիմք կամ տարբերություն, որովհետև, ըստ էության, Ղարաբաղի հարցը նախընտրական հիմք դարձնելու փորձը կրկին չի հաջողվի, որովհետև մեծ մասամբ այդ հարցում մենք շատ մեծ տարբերություններ չունենք, և հասարակության մեջ կոնսոլիդացիա կա։ Փորձել արհեստականորեն դա նորից սրել, բևեռացնել, չի ստացվի։

Եթե եզրափակեմ, ստացվում է մի իրավիճակ, երբ մենք ունենք փուչ ու անիմաստ բևեռների շուրջ ձևավորվող խմբավորումներ՝ հանրապետականամետ-հակահանրապետական, ռուսամետ-հակառուսական, Ղարաբաղի հարցի լուծման-չլուծման, որոնք 3-ն էլ ամբողջությամբ արհեստական են ու այսօրվա ընտրողի կամ մեր հասարակության, ժողովրդի իրական կարիքներին չհամապատասխանող։ Եվ այդ իմաստով առայժմ տեղի ունեցողը որևէ վստահություն չի ներշնչում։ Թե ո՞ւր կարող է տանել այս ամենը, ի՞նչը կարող է արդյունավետ լինել, կարծում եմ, դա զարգացման թեման է, որովհետև նախկին լոզունգները՝ «Առաջ, Հայաստան», «Ապահով Հայաստան», դրանք այն չեն, ինչ այսօրվա ընտրողն ուզում է։

Այսօր զարգացման տեսլականի շատ մեծ պահանջ կա, քանի որ մարդիկ երկիրը թողնում, հեռանում են ոչ միայն՝ սոցիալական ծանր վիճակից ելնելով, այլև նրանից, որ որևէ տեսլական չկա, թե վերջն ինչ է լինելու, իրավիճակի բարելավման հիմքերը որոնք են լինելու։

Այդ իմաստով նույնիսկ այս նոր կառավարությունն այդպիսի տեսլական չի տալիս։ Այն «ավելի լավ կառավարում» է ասում, բայց դա փաստացի նշանակում է՝ լավացնել կառավարման այն համակարգը, որը զարգացման միտված չէ։ Այդ պարագայում, կարծում եմ, կարող է բիզնես ոլորտի մարդիկ, օլիգարխները կրկին առավելություն ունենան մյուսների հանդեպ, որովհետև իրենք կարող են ռեալ խոսել զարգացման, աշխատատեղերի մասին, տալ ֆինանսական խոստումներ, և այլն։ Ու ինչքան էլ անձամբ ինձ համար ցավալի է, բայց, օրինակ, Գագիկ Ծառուկյանի կամ Սամվել Ալեքսանյանի նման մարդկանց շանսերն այդ զարգացման գաղափարախոսւթյամբ այս դատարկության մեջ գուցե ամենաաշխատողը դառնան։

– Նախկինում իշխանության մեջ եղած անձինք, օրինակ՝ Սեյրան Օհանյան, Վարդան Օսկանյան և այլք, իրենց հայտարարում են ընդդիմադիր, նոր կուսակցությամբ ու նոր դեմքով փորձում են ներկայանալ ժողովրդին, կամ հենց Գ. Ծառուկյանի վերադարձը, որ ասում են՝ նախընտրական իրավիճակն այլն է, քան այն ժամանակ էր, երբ նա հեռացավ։ Արդյոք ժողովուրդը հակվա՞ծ է հավատալու այս ռեբրենդինգին։

– Չեմ կարող ամբողջ ժողովրդի համար ինչ-որ բան ասել, բայց ինձ թվում է, որ հիմնականն այն պետք է լինի, թե ով կարող է ապագայի ինչ-որ հույս տալ, և դա լինի կոնկրետ զարգացման հեռանկարներ, ոչ թե հեռավոր բաներ։ Այդ պարագայում Օսկանյանը կամ Սեյրան Օհանյանը, կարծում եմ, այդքան մեծ շանսեր չեն ունենա, որովհետև նրանք փողային կամ աշխատատեղերի խոստումներ չեն կարող տալ, իսկ, օրինակ, Ծառուկյանը կարող է, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ տրակտորներ տրամադրեց կամ այլ կերպ աջակցեց, ասում է՝ խաղող է գնում ժողովրդից, աշխատատեղեր է ստեղծում։

Անկախ նրանից՝ դա ճի՞շտ է, թե՞ ոչ, նա գոնե հող նախապատրաստել է դրա համար ու կարող է նման հարցերից խոսել։ Իսկ Հանրապետականից կամ այսօրվա իշխանություններից «պոչեր տվածներն» էական դեր չեն խաղա։ Կարող է՝ ձայներ ստանան, բայց բոլորի համար պարզ է, որ, ի վերջո, Հանրապետականի սատելիտ (արբանյակ) են դառնալու։ Ոչ ավելին։ Ամբողջ իմաստով ընդդիմություն չեն կարող դառնալ։

Ես շատ թերհավատորեն եմ այսօրվա վիճակով տրամադրված ընտրություններին, չնայած դեռ ժամանակ կա, և ժամանակը ցույց կտա, կտեսնենք՝ ինչպես կթեժանա պայքարը, ինչպես կընթանան զարգացումները։

– Նոր դեմքեր ի հայտ կգա՞ն։

– Ոչ, չեմ կարծում, որ նոր դեմքերի հնարավորություն լինի, առավել ևս՝ կուսակցական ընտրություններ են։ Ընդհանրապես ժողովրդի կամարտահայտությունը հետաքրքիր և անկանխատեսելի է, ինչքան էլ փորձենք ինչ-որ ենթադրություններ անել։ Վերջին ընտրությունները դա են ցույց տալիս, ԱՄՆ-ից սկսած՝ Ավստրիայով ավարտած։ Դրա համար ես հույս ունեմ, որ հետաքրքիր և անսպասելի զարգացումներ կլինեն։ Տեսնենք՝ ինչ կլինի։

– Հանրապետականում էլ կարծես ամեն ինչ հարթ չէ, կանանց շրջանում պայքար է ընթանում առաջին տեղերի համար, ասում են՝ հնարավոր է՝ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը չլինեն ՀՀԿ ցուցակում։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է կատարվում իշխանական թևում։

– Նորմալ իրավիճակ է, ներկուսակցական պայքար պետք է լինի, բայց ժամանակը կգա, կկոնսոլիդանան։ Կարող է՝ մի քանի հոգի նեղանան, դուրս գան, բայց մեծամասամբ Հանրապետականն ունի այդ ուժն ու պոտենցիալը, որ կարողանա պահել մարդկանց։ Եվ կարծում եմ՝ այսօրվա դրությամբ ընտրություններում հաղթելու իրենց շանսերը բավականին մեծ են։

Տեսանյութեր

Լրահոս