
Երևանի կենտրոնում իրականացվում են երթևեկության սխեմայի փոփոխության փորձնական աշխատանքներ

Ճանապարհային ոստիկանությունը Մյասնիկյան-Սարալանջի պողոտաների հատման հանգույցից դեպի Հերացի փողոց և Աբովյան պուրակ տանող հատվածներում երթևեկության սխեմայի փոփոխության փորձնական աշխատանքներ է իրականացնում:
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում վարորդներին իրազեկել է, որ նշված հատվածում հունվարի 11-ից, ժամը 08:00-10:00-ն պարբերաբար փորձնական կարգով աշխատանքներ են իրականացվում` երթևեկության սխեմայի փոփոխության համար:
«2017 թվականի հունվարի 11-ից ժամը 08.00-10.00 պարբերաբար Երևան քաղաքի Մյասնիկյան-Սարալանջի պողոտաների հատման հանգույցից դեպի Հերացի փողոց և Աբովյան պուրակ տանող հատվածներում Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչների օգնությամբ փորձնական կարգով կկատարվի երթևեկության կազմակերպման սխեմայի փոփոխություն: Փոփոխության արդյունքում Մյասնիկյան պողոտայով Հերացու փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներն Աբովյան պուրակի շրջանաձև երթևեկության հատված կարող են մուտք գործել միայն Շարիմանյան փողոցից: Սարալանջի պողոտայի հատվածով Հերացու փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները կերթևեկեն ներկայումս գործող սխեմայի համաձայն»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: