«ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությունն ադրբեջանական դիվերսիայի ուղղակի քողարկում է և անուղղակի մասնակցություն դրան». Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ  նախագահ, ՀՀ մարդու  իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը համարում է ադրբեջանական դիվերսիայի ուղղակի քողարկում և անուղղակի մասնակցություն դրան.

«Առաջին անգամ եմ երևի ընթերցում այդպիսի հայտարարություն: Ես չեմ հիշում՝  արդյո՞ք ապրիլյան դեպքերի ժամանակ, երբ մեր զինվորների գլուխները կտրել էին, եղել էր այդպիսի հայտարարություն: Այս հայտարարությամբ պարզ է դառնում, որ հումանիզմն ակնկալվում է միայն մի կողմից: Դրա հետևանքը երևի լավն է. նշանակում է՝ Ադրբեջանից չեն ակնկալում հումանիզմի դրսևորում»:

Լարիսա Ալավերդյանը համաձայն է այն փորձագետների հետ, որոնք կարծում են, որ, եթե հայկական դիվանագիտական ուժն ավելի լավ չաշխատի, Հայաստանը մնալու է այս երկակի մոտեցումների դաշտում. «Խորքային դիվանագիտական աշխատանք չկա, պասիվ են պետական մարմինները, նաև` հանրությունը, որոնք բողոք-նամակներով չեն ողողել միջազգային կառույցները, հենց թեկուզ դեկտեմբերի 29-ի ադրբեջանական ագրեսիայի համար: Մենք կարծես սովորել ենք նրան, որ մեր հարևանը սա է, ու այդպես պետք է լինի»:

Ըստ նրա՝ եթե Ղարաբաղի դեպքում ասում են, որ չճանաչված երկիր է, ապա Հայաստանը ճանաչված պետություն է, բայց էլի չունենք ապացույցներ. «Որևէ փաստաթղթում գրված չէ, որ Ադրբեջանը խախտել է սահմանը: Մենք ունենք ներկայացուցիչներ, բյուջեից գումարներ ստացող ինչ-ինչ խմբեր, որոնք չեն աշխատում: Ասում են՝ Ռուսաստանը թույլ չի տալիս, և այլն, բայց Հայաստանը որևէ կախվածություն չունի Ռուսաստանից, դա անձերի կախվածություն կարող է լինել: Դրա համար եմ կոչ անում, որ հանրությունը լինի ավելի ակտիվ. երկիր ունես՝ երկիրդ պահիր»:

Տեսանյութեր

Լրահոս