Երևանի Վարդանանց փողոցում կատարված սպանությունը ժամերի ընթացքում բացահայտվեց (մանրամասներ)
Ինչպես երեկ տեղեկացրել էինք՝ հունվարի 11-ին, ժամը 15.30-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են Երևանի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակ, որտեղ արյունահոսող մի երիտասարդ մահացել է, իսկ մյուսին տեղափոխում են հիվանդանոց:
Մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի բակի զրուցարանում հայտնաբերել է 1998 թ. ծնված Վահե Մուրադյանի դիակը՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով:
Նույն օրը, ժամը 16.10-ին, ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխվել 1999 թ. ծնված Ռաֆի Մ.-ն:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 18-ին, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, իրենց բնակարաններից բերման են ենթարկվել 1996 թ. ծնված Կարեն Չ.-ն, 1999 թ. ծնված Գևորգ Տ.-ն, 1999 թ. ծնված Դավիթ Մ.-ն և ներկայացվել է 1998 թ. ծնված Սերգեյ Գ.-ն:
Պարզվել է, որ ժամը 15-ին Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում Կարեն Չ.-ն, Գևորգ Տ.-ն և 1999 թ. ծնված Քաջիկ Հ.-ն վիճաբանել են Վ. Մուրադյանի, Ռաֆի Մ.-ի, Դավիթ Մ.-ի, Սերգեյ Գ.-ի, 1999 թ. ծնված Անրի Ա.-ի հետ, որի ժամանակ Կարեն Չ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Վ. Մուրադյանի կրծքավանդակի ձախ կեսին` պատճառելով մահ և Ռաֆի Մ.-ի ձախ սրունքին` պատճառելով մարմնական վնասվածք:
Կարեն Չ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Քաջիկ Հ.-ին, Անրի Ա.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: