«Վերջին տարբերակով հնարավոր է՝ «Ժառանգությունն» ընտրություններին չմասնակցի». Արմեն Մարտիրոսյան
168.am-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը
– Պարոն Մարտիրոսյան, դեռևս հստակություն չկա՞ խորհրդարանական ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության մասնակցության ձևաչափի առումով՝ հաշվի առնելով, որ ընտրություններին արդեն այնքան էլ շատ ժամանակ չի մնացել։
– Մինչև քննարկումները չավարտվեն, որևէ հստակություն չի կարող լինել։
– Ե՞րբ կլինի այդ հստակությունը։
– Ճիշտն ասած, «Ժառանգությունում» բարի ավանդույթ է արդեն այն, որ մենք վերջին պահին ենք ցուցակը ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով, և մեզ մոտ որոշումները, չգիտես՝ ինչո՞ւ, ճակատագրի բերումով՝ վերջում են լինում, ոչ հիմնականում մեր մեղքով, բայց որևէ խնդիր չի լինում, ժամանակի մեջ միշտ հասցնում ենք, դրա համար որևէ խնդիր չենք տեսնում։
– Մամուլում նշվեց Անահիտ Բախշյանի՝ «Ժառանգության» հետ ունեցած տարաձայնությունների և այլ կուսակցության ցուցակով առաջադրվելու ցանկության մասին, նա էլ չհերքեց այդ լուրերը։ Ի՞նչ կասեք այդ առնչությամբ։
– Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ սպասենք տիկին Բախշյանի վերջնական որոշմանը, եթե կցանկանա այլ ուժի հետ շարունակել իր գործունեությունը, որևէ խնդիր չեմ տեսնում, մենք իրեն միայն բարին կմաղթենք, որովհետև իրար հետ ճանապարհ ենք անցել, եթե կորոշի, որ շարունակում է «Ժառանգության» հետ, որևէ խնդիր էլի չկա։
– «Ժառանգության»՝ իշխանափոխության մանիֆեստի հետ կապված էլ Զարուհի Փոստանջյանը բարձրաձայնեց, որ «Ժառանգությունում» միասնական դիրքորոշում չկա դրա հետ կապված։
– Որևէ մեկնաբանություն չեմ կարող անել, միայն կասեմ, որ վարչությունն ընդունել է այդ մանիֆեստը և այն ներկայացրել է հանրությանը։
– Ձեր կուսակցությունում եղած տարաձայնությունները, տարակարծություններն ինչո՞վ եք բացատրում։
– Տարաձայնություն չունենք, տարակարծություն ունենք, և դա շատ լավ է, դա միշտ է եղել «Ժառանգությունում»։ «Ժառանգությունը» ժողովրդավարական կուսակցություն է, դիկտատուրական, կոմունիստական կուսակցություն չէ, ուստի մեր կուսակցականները հնարավորություն ունեն իրենց տեսակետը հայտնել, ու, եթե կարիք ունեն, հրապարակայնացնեն հանրության համար, հրապարակայնացնում են։ Որևէ խնդիր դրա հետ կապված չկա։
– Հնարավո՞ր է, որ «Ժառանգությունն» ընդհանրապես չմասնակցի ընտրություններին։
– Որպես տեսական, վերջին տարբերակ՝ իհա՛րկե հնարավոր, է, բայց դա վերջին տարբերակն է, այս պահին դեռևս տեսական տարբերակ է դա։