«ԵՄ-ն չի ստորագրի ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրն ընտրություններից անմիջապես առաջ». Պետո Դեմիրճյան

«Մինչև տարեվերջ կարող ենք սպասել ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետներին։

Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 7-ին մեկնարկած ՀՀ-ԵՄ բանակցություններն ինտենսիվորեն առաջ են ընթացել անցյալ տարի։ Շուրջ մեկ տարվա ընթացքում կողմերը հասցրել են Հայաստանի և Եվրամիության միջև շրջանակային նոր համաձայնագրի բանակցությունների յոթ փուլ անցկացնել։ Դրանք, ըստ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի՝ անցել են հետագա հարաբերությունների համար բարենպաստ մթնոլորտում՝ գրանցելով հաջող արդյունքներ։

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ բանակցությունների ավարտին հասնելու համար անհրաժեշտ կլինի կազմակերպել բանակցային ևս 2-3 փուլ։

Պետո Դեմիրճյանն ասաց, որ ճիշտ է, որ ՀՀ-ԵՄ բանակցություններն անցյալ տարի շատ լավ ընթացք են ունեցել։ Ըստ նրա՝ երկու կողմերը գոհ են այդ ընթացքից, դժվարին հարցերը՝ հատկապես Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի շուկան հարմարեցնելու հարցերը, արդեն լուծվում են։

«Արդեն կարելի է խոսել բանակցությունների ավարտի մասին, որը հավանաբար տեղի կունենա այս տարվա գարնանը։ Սակայն բանակցությունների ավարտն ու համաձայնագրի ստորագրումը երկու տարբեր գործընթացներ են։ Եթե բանակցություններն ավարտվեն Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ կամ 40 օր առաջ, ԵՄ-ն չի ստորագրի նման փաստաթուղթ, ԵՄ-ն դա կանի ընտրություններից մի որոշ ժամանակ անց։ Եթե ընտրություններից 40 օր առաջ ավարտվեն բանակցությունները, ԵՄ-ն փաստաթուղթ չի ստորագրի այն հասկանալի պատճառով, որպեսզի այդ ստորագրությունը չընկալվի՝ որպես իշխող կառավարությանը, իշխող կուսակցությանն աջակցություն։

Ի դեպ, սա միայն Հայաստանին չի վերաբերում, այս մոտեցումը եվրոպական ընթացակարգի և օրենքների մասն է կազմում։ Հայաստանի ներկայիս իշխանությունները ևս գիտեն, որ ընթացակարգն այդպիսին է»,- պարզաբանեց Պետո Դեմիրճյանը։ Վերջինիս խոսքով՝ մինչև տարեվերջ կարող ենք սպասել ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրում։

«Բնականաբար, երբ բանակցություններն ավարտին հասնեն, և, եթե դրանք չհամընկնեն ընտրություններին նախորդող 40 օրվան, կարելի է ստորագրել ավելի վաղ ևս, բայց եթե համընկել են, ստորագրությունը կմնա հաջորդ ժամանակաշրջանին։ ԵՄ-ում յուրաքանչյուր վեց ամիսը մեկ նախագահող երկիր է փոխվում, ներկայումս Մալթան է, hուլիսի մեկից այլ երկիր է ստանձնելու նախագահությունը, ուստի կարող ենք ենթադրել, որ ստորագրությունը կկայանա ամռանը կամ սեպտեմբերին, բայց ներկայումս սա չենք կարող հստակ կանխատեսել, քանի որ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են, և կանխատեսումներն այս առումով քիչ իրատեսական կարող են լինել։

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբն ու ընդհանրապես եվրոպաբնակ հայերս շատ գոհ ենք բանակցությունների ընթացքից և լիահույս, որ համաձայնագրի ստորագրումը Հայաստանին մեծ հնարավորություններ կընձեռի»,- ասաց Պետո Դեմիրճյանը։

Տեսանյութեր

Լրահոս