«Նման հայտարարությունները չեն կարող նպաստել խաղաղ կարգավորմանը»

Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարությունների տարածումը չի կարող նպաստել, որպեսզի ադրբեջանական կողմը վերջ տա սադրանքներին և կյանքի կոչի խաղաղ կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով դեկտեմբերի 29-ին ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ իրականացված ագրեսիայի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը:

«Մենք մշտապես քննադատել ենք Մինսկի խմբի համանախագահների այն մոտեցումը, որ նրանք ամեն անգամ տարածում են կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարություններ այն դեպքերում, երբ ակնհայտ է, թե իրականում կողմերից ով է սադրանքների հեղինակը: Ես համոզված եմ, որ համանախագահող բոլոր երկրները շատ լավ գիտեն, թե որ կողմն է խոչընդոտում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, որ կողմն է պարբերաբար խախտում պայմանավորվածությունները և լարվածություն ստեղծում: Նրանք ասում են, որ չեն ցանկանում խաթարել հակամարտության խաղաղ կարգավորման գ ործընթացը, բայց  նման հայտարարությունները չեն կարող նպաստել խաղաղ կարգավորմանը»,- նշեց պատգամավորը:

Բաղդասարյանը հստակեցրեց, որ հայկական կողմը չի պահանջում հասցեական գնահատականներ հնչեցնել կողմերից միայն մեկի հասցեին, այլ հստակ գնահատական տալ այն կողմի գործողություններին, որը մշտապես խախտում է պայմանավորվածությունները և գնում է լարվածություն ստեղծելու ճանապարհով: «Մենք մշտապես ասել ենք, որ այսպես շարունակել չի կարելի, որովհետև նման հայտարարությունները նպաստում են Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության շարունակականությանը»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Տեսանյութեր

Լրահոս