Բաժիններ՝

Բարբարա Սթեյզանդը «ամոթալի» է անվանել Մերիլ Սթրիփի հասցեին Թրամփի քննադատությունը

Դերասանուհի, երգչուհի Բարբարա Սթրեյզանդն «ամոթալի» է անվանել դերասանուհի Մերիլ Սթրիփի հասցեին ուղղված ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Սթրիփը, որը երեկ ստացել էր Սեսիլյա դե Միլյայի անվան մրցանակ կինոյում ունեցած ավանդի համար և էմոցիոնալ ելույթ ունեցել, քննադատել էր Թրամփին New York Times-ի հաշմանդամ թղթակից Սերժ Կովալեսկիին ծաղրելու համար։ Սթրիփն ընդգծել էր, որ նախագահի նման պահվածքը «մյուսներին ևս իրավունք է տալիս» նման կերպ վարվելու համար։

«Այն պահը, երբ դա տեսա, դա կոտրեց իմ սիրտը, ես մինչ օրս չեմ կարող դա հանել գլխիցս, քանի որ դա կինոյում չէր, այլ իրական կյանքում»,- հայտարարել էր դերասանուհին իր ելույթում։

Թրամփի արարքը նա անվանել էր «ստորացնելու բնազդ»՝ ընդգծելով, որ «անհարգանքը կրում է իր հետևից անհարգանք, բռնությունը՝ բռնություն»։

Ի պատասխան քննադատությունների՝ Թրամփը հայտարարել էր, թե Սթրիփը «Հիլարի Քլինթոնի կողմնակիցն է» և «գերագնահատված» դերասանուհի։
Սթրեյզանդի խոսքով՝ ինքն ամբողջությամբ համաձայն է Սթրիփի հետ։

«Այն, ինչ մեզ անհրաժեշտ է աշխարհում ամենից շատ, բարությունն է ու պարզ օրինավորությունը»,- ասել է երգչուհին։

Սթրեյզանդը «բավականին ամոթալի» է անվանել այն, թե ինչպես է արձագանքում Թրամփը, որ նրան անհրաժեշտ է վիրավորել բոլորին, ով իր հետ համաձայն չէ։

Երբ Սթրեյզանդին հիշեցրել են, որ 2015թ. Թրամփը Սթրիփին անվանել է իր ամենասիրելի դերասանուհիներից մեկը, նա հայտարարել է. «Ահա, թե ինչու դուք չեք կարող վստահել այն ամենին, ինչ նա ասում է»։

Ավելի վաղ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին էր քննադատել Թրամփին Սթրիփի վրա հարձակվելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս