«Հուսով եմ, որ այս տարի ՄԽ համանախագահները կցուցաբերեն ավելի սթափ վերաբերմունք». Ռուբեն Սաֆրաստյան
«Դեռևս վաղ է մեկնաբանություն անել Մինսկի խմբի աշխատանքի վերսկսման վերաբերյալ, որովհետև մենք պետք է փորձենք հասկանալ՝ արդյո՞ք փոփոխություններ կան ՄԽ համանախագահների դիրքորոշումներում: Ես հուսով եմ, որ այս տարի համանախագահները կցուցաբերեն ավելի սթափ վերաբերմունք ու կփորձեն ավելի իրատես մոտեցումներ ցուցաբերել այն իրադրությանը, որ ստեղծվում է Ադրբեջանի կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հարցին՝ ուշացած չէ՞ր Տավուշի դեպքերի վերաբերյալ ՄԽ համանախագահների հայտարարությունը, այսպես պատասխանեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահները հայտարարություն են տարածել` կապված դեկտեմբերի 29ին Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Բաքուն և Երևանը շարունակում են մեղադրել միմյանց 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներխուժման փորձի առնչությամբ, որի հետևանքով գրանցվեցին մահվան դեպքեր: Հայաստանի զինված ուժերը շարունակում են իրենց մոտ պահել մարտում սպանված ադրբեջանցի զինծառայողի դին… Համանախագահները նաև հորդորում են անհապաղ վերադարձնել մարդկանց աճյունները` համաձայն 2010 թվականին Աստրախանի գագաթաժողովի պայմանավորվածության` հաշվի առնելով խնդրի բացառապես հումանիտար բնույթը: Մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել երկկողմ մեղադրանքները և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն իրադրությունը կայունացնելու ուղղությամբ»:
Սաֆրաստյանի խոսքով՝ հայկական դիվանագիտական կորպուսը պետք է այս տարի ավելի ակտիվ լինի ոչ միայն Արցախի հիմնահարցի կարգավորման հարցում, այլև այլ ոլորտներում. «Իրադրությունը, որ ձևավորվում է Մերձավոր Արևելքում, պահանջում է, որ մեր դիվանագիտությունն ավելի ակտիվ, ավելի նպատակասլաց գործունեություն ծավալի»: