Քաղաքական գովազդն այս տարի էժանացել է

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն այսօր հրապարակել է ՀՀ Ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի 1 րոպեի սակագները։ Ըստ այդմ՝ 2012 թ.-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ այս տարի կուսակցություններն ու դաշինքներն ավելի քիչ գումարներ կվճարեն քաղաքական գովազդի համար. գրեթե բոլոր հեռուստա և ռադիոկայանները որոշ չափով իջեցրել են վճարովի եթերաժամի սակագները։

Ամենաթանկ գինն այս տարի սահմանել են «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունները՝ 1 րոպեն 100 հազարական դրամ (2012թ.-ին համապատասխանաբար՝ 110 հազար և 120 հազար դրամ)։ Այնուհետև ամենաթանկը Հայաստանի հանրային և «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերությունների եթերաժամանակն է՝ 60 հազարական դրամ, ապա՝ «Հ3»՝ 50 հազար, «Ա-Թիվի»՝ 40 հազար, «Երկիր Մեդիա»՝ 25 հազար, «Ար» և «Արմնյուզ»՝ 20 հազար, «Կենտրոն»՝ 18 հազար, «Արարատ»՝ 10 հազար դրամ։ Ամենաէժան եթերաժամանակն առաջարկում են մարզային ընկերությունները՝ 1000-ից մինչև 10 հազար դրամ։ Ռադիոընկերություններից ամենաթանկը «Ռադիո Վանի» և «Միգ FM»-ի եթերն է՝ 3000 դրամ, ամենաէժանը՝ «Շանթի»՝ 1500 դրամ։

Տեսանյութեր

Լրահոս