Բաժիններ՝

«Չի կարելի սպանել հանուն Աստծո»․ Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդես է եկել խիստ քննադատության է ենթարկել «ֆունդամենտալ ահաբեկչությունը» և աշխարհի բոլոր կրոնական ու քաղաքական առաջնորդներին կոչ է արել իրենց ներդրումն ունենալ այդ «մահաբեր խենթության» դեմ պայքարում։

«Մենք գիտենք, որ այսօր կրոնը երբեմն կարող է օգտագործվել որպես պատրվակ՝ փակ լինելու, բռնաճնշումների ու բռնության համար։ Ես նախ և առաջ նկատի ունեմ ֆունդամենտալ ահաբեկչությունը, որն անցած տարի ողջ աշխարհում հանգեցրել է հազարավոր զոհերի Աֆղանստանում, Բանգլադեշում, Բելգիայում, Բուկինա-Ֆասոյում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հորդանանում, Իրաքում, Նիգերիայում, Պակիստանում, ԱՄՆ-ում, Թունիսում և Թուրքիայում»,- ասել է Հռոմի պապն այսօր Սուրբ գահում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ ավանդական հանդիպմանը։

Խոսելով այդ հանցագործությունների մասին՝ Ֆրանցիսկոսը առանձնացրել է Նիգերիայի իրադարձությունները, որտեղ ահաբեկիչները իրենց նպատակների համար օգտագործել են երեխաների, Կահիրեն, որտեղ ահաբեկչություն էր իրականացվել ղպտիական եկեղեցում, Բրյուսելի, Նիսի, Բեռլինի իրադարձությունները, որտեղ զոհ էին դարձել սովորական քաղաքացիները, անցորդները, Ստամբուլը, որտեղ մարդիկ զոհվել էին Ամանորը դիմավորելիս։

«Խոսքը մահաբեր խենթության մասին է, որը չարաշահում է Աստծո անունը, որպեսզի մահ սփռի՝ դեպի իշխանություն իր կամքը հաստատելու փորձում»,- հայտարարել է Հռոմի պապը։

«Ես դիմում եմ բոլոր կրոնական իշխանություններին, որպեսզի նրանք միասնական լինեն իրենց պնդումներում, որ չի կարելի սպանել հանուն Աստծո։ Ֆունդամենտալիստական ահաբեկչությունը սուր հոգևոր աղքատության հետևանք է, ինչի հետ հաճախ կապված է նաև սուր սոցիալական աղքատությունը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ նման ահաբեկչությունը հնարավոր է ամբողջությամբ հաղթել միայն աշխարհի կրոնական և քաղաքական ղեկավարների համատեղ ջանքերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս