Ժնևում մեկնարկել է Կիպրոսի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների նոր փուլը
Այսօր Կիպրոսի վերամիավորման հարցով բանակցությունների նոր փուլ է մեկնարկել Ժնևում Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի ու չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ղեկավար Մուստաֆա Աքընջիի մասնակցությամբ, հայտնում է Reuters-ը։
Բանակցությունների նոր փուլը մեկնարկել է 2016թ. աշնանը պայմանավորվածություն ձեռք բերելու ձախողված փորձից հետո։
Կիպրոսի երկու համայնքների ղեկավարներն այսօր ժամանել են Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնակայան՝ Կիպրոսի կարգավորման հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Բարթ Էյդեյի ուղեկցությամբ։
Նրանց ողջունել է ՄԱԿ-ի ժնևյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Մայքլ Մյոլլերը։
Միջհամայնքային բանակցությունները կանցկացվեն Ժնևում հունվարի 9-11-ը, իսկ հունվարի 12-ին պլանավորվում է միջազգային համաժողով երեք երաշխավորող երկրների՝ Հունաստան, Թուրքիա և Մեծ Բրիտանիա, ինչպես նաև ԵՄ-ի մասնակցությամբ։ ԵՄ պատվիրակությունը գլխավորելու է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը։
Նոյեմբերի 7-11-ը ՄԱԿ-ի հովանու ներքո Շվեյցարիայում կայացել է Կիպրոսի միավորման բանակցությունների առաջին փուլը։
Տարածքային հարցը կիպրական կարգավորման միջհամայնքային բանակցությունների ամենաբարդ կետերից էր։ Բանակցությունների նախորդ փուլի ընթացքում կողմերը չէին կարողացել համաձայնեցնել տարածքային խնդրի լուծման չափորոշիչները, թեև հայտարարել էին «բանակցություններում առաջընթացի մասին»։