
Չինական ԶԼՄ-ները Վաշինգտոնին սպառնացել են «ժողովրդի վրեժով»

Չինական ԶԼՄ-ները Վաշինգտոնին սպառնացել են «ժողովրդի վրեժով», եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվի «միասնական Չինաստանի» քաղաքականությունից։ Այս մասին ասվում է Չինաստանի պետական The Global Times պարբերականի հայտարարության մեջ։
««Միասնական Չինաստանի» սկզբունքին հավատարիմ մնալու պահանջը Չինաստանի քմահաճույքը չէ։ ԱՄՆ-ի յուրաքանչյուր նախագահ պետք է հարգի այդ սկզբունքը, եթե ցանկանում է պատշաճ մակարդակի վրա պահել երկկողմ հարաբերությունները և հարգանքով վերաբերվի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ձևավորված իրավակարգին»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ «չինացի ժողովուրդը կառավարությունից պահանջում է վրեժ լուծել», եթե Թրամփը երդմնակալության արարողությունից հետո հրաժարվի «միասնական Չինաստանից»։
«Դա բանակցությունների թեմա չէ»,- ընդգծել են հայտարարության մեջ։
Չնայած պաշտոնական կապերի բացակայությանը՝ ԱՄՆ-ը և Թայվանը տարիներ ի վեր համագործակցել են ռազմական ասպարեզում: Արդյո՞ք Թրամփը պատրաստվում է ընդլայնել հարաբերությունները Թայվանի հետ՝ ի հակադրում Չինաստանին, պարզ կդառնա այն ժամանակ, երբ նա պաշտոնապես կանցնի նախագահի պարտականությունների կատարմանը: