
Թուրքիայում ռուս դեսպանի սպանությանն առնչություն ունենալու կասկածանքով 5 մարդ է կալանավորվել

Թուրքական իշխանությունները ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանությանն առնչություն ունենալու կասկածանքով 5 մարդու են կալանավորել։ Նշվում է, որ նրանց թվում է նաև թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության ակտիվիստներից մեկը։ Նա, ըստ հետաքննության տվյալների, համակարգել է ընդդիմադիր տրամադրված կուրսանտների գործողությունները։
Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, Իզմիրի դատախազության պահանջով 5 մարդ է կալանավորվել։ Նրանցից 4-ը ոստիկանական դպրոցի կուրսանտներ են, որտեղ սովորել էր նաև մարդասպան Մևլյութ Մերթ Ալթընթաշը։
Ավելի վաղ Թուրքիայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Անդրեյ Կառլովի սպանությունը չի եղել այնպիսի հանցագործություն, որը իրականացրել էր մեկ մարդ։ Ոստիկանները հայտարարել էին, որ սպանությունը լավ կազմակերպված է եղել, իսկ Ալթընթաշը կապեր է ունեցել Գյուլենի շարժման հետ։