Վրաստանի և «Գազպրոմի» պայմանագրի ժամկետը Հայաստան ռուսական գազի տարանցման վճարի վերաբերյալ սպառվել է, կողմերը դեռ չեն համաձայնեցրել նոր պայմանները

Պայմանագրի ժամկետը, որն անցած տարի կնքվել էր ռուսական «Գազպրոմ» ընկերության և Վրաստանի կառավարության միջև, սպառվել է 2016թ. դեկտեմբերի 31-ին, սակայն կողմերը մինչ օրս չեն կարողացել պայմանավորվել նոր պայմանների շուրջ։

Վրաստանի էներգետիկայի նախարարի տեղակալ Մարիամ Վալիշվիլին հայտարարել է, որ վրացական կողմը վերջին հանդիպումից վերադարձել էր չհամաձայնեցված դիրքորոշմամբ։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Նրա խոսքով՝ Հայաստան բնական գազի տարանցումը ներկայումս իրականացվում է սովորական ռեժիմով, սակայն նոր պայմանագրով վրացական կողմը ցանկանում է հասնել առավելագույն արդյունքի։

Վալիշվիլիի խոսքով՝ առավելագույն արդյունը, հնարավոր է, որ լինի տարանցման արժեքի վճարման դրամական եղանակը կամ անցած տարի կնքված պայմանագրին վերադարձը։
Վրաստանի էներգետիկայի նախարարությունը չի կարողացել կոնկրետ նշել, թե երբ տեղի կունենա «Գազպրոմ-էքսպորտի» հետ աշխատանքային հանդիպումը, սակայն ենթադրում են, որ դա տեղի կունենա մոտ ժամանակներս։

Գերատեսչությունում նշել են, որ պայմանագրի ժամկետը, որը ներառել է ինչպես գազի գնում, այնպես էլ գազի տարանցում, սպառվել է անցած տարեվերջին։

Ռուսաստանը ցանկանում է Վրաստանի տարածքով գազի տարանցման համար վճարել գումարով, բայց վրացական կողմը ցանկանում է պահպանել վճարման նախկին կարգը՝ ստանալով Հայաստան մատակարարվող ռուսական գազի ծավալի 10%-ը:

Բանակցություններն անցկացվում են Վիեննայում, սակայն հերթական բանակցության անցկացման մասին տեղեկություններ չկան։

Տեսանյութեր

Լրահոս