«Թրամփը Ուկրաինան սկուտեղի վրա կմատուցի Պուտինին». Times
Times ամսագիրը «Անմեղ մեծ գործարք» կոչվող հոդվածում անդրադարձել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հարաբերություններին։
«Արդեն մոտ ժամանակներս Մոսկվայի միակ «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրը կլողա Լա Մանշի նեղուցով՝ իրականացնելով Սիրիայի ռմբակոծման համար հարթակի ապահովման խնդիրը»,- գրում է պարբերականը։
Times-ն այդտեղ «Կրեմլի ազդանշան է տեսնում Սպիտակ տանը»՝ Վլադիմիր Պուտինը պատրաստ է գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ։ Այդ գործարքը կարող է նպաստել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ավելի երկար մնա իշխանության ղեկին, գրում է պարբերականը։
«Պուտինի մասին Թրամփի գովաբանական բազմաթիվ կոչերը ու Մոսկվային քննադատություններից զերծ պահելու նրա ջանքերը մատնանշում են, որ նա ուղիներ է նախապատրաստում հենց Կրեմլի հետ լայնամասշտաբ հաշտության համար»,- գրում է Times-ը։
Թրամփի արտաքին քաղաքական առաջնայնությունները լինելու են ԴԱԻՇ-ի ջախջախումը, Իրանի դերի նվազեցումը և Չինաստանի ռազմական հզորությանը հակազդելը։
Ռուսաստանը կարող է նպաստել այդ նպատակների իրագործմանը՝ փոխարենը հասնելով գերտերության կարգավիճակի ճանաչմանը։
«Դա կարող է կրել վտանգավոր հետևանքներ։ Ուկրաինան, մասնատված ու կապկպված, սկուտեղի վրա կմատուցվի Պուտինին։ Վերլուծաբանների կարծիքով՝ Պուտին-Թրամփ գործարքը Ուկրաինայի հարցով կսառեցնի Ղրիմի կարգավիճակի մասին հարցը մինչև 20 տարի ժամկետով, որպեսզի չխոչընդոտվի Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում ռազմական հակամարտությունների կարգավորումը»,- նախազգուշացնում է Times-ը՝ գրելով, թե ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ևս կչեղարկվեն։