«Մենք գտնվում ենք հաղթանակի ճանապարհին». Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տվել ֆրանսիական ԶԼՄ-ներին, որտեղ հայտարարել է, թե իրեն հավատարիմ ուժերը «գտնվում են հաղթանակի ճանապարհին», հայտնում է BBC-ն։
Ասադը լրագրողների հետ հանդիպել է Դամասկոսում։ Հարցազրույցից որոշ հատվածներ ներկայացվել են միջազգային լրատվամիջոցներին RTL հեռուստաալիքի միջոցով։
Ասադի խոսքով՝ պատերազմի համար վճռորոշ պահ է եղել Հալեպի գրավման ժամանակ ապստամբների կրած պարտությունը։
Սակայն, նրա խոսքով, քաղաքը սիրիական կառավարական զորքերի վերահսկողության տակ անցնելը չի կարելի գնահատել որպես վերջնական հաղթանակ։
«Հաղթանակն այն ժամանակ կլինի, երբ ոչնչացվեն բոլոր ահաբեկիչները»,- բացատրել է Ասադը ֆրանսիացի լրագրողների հետ զրույցում։
Պատասխանելով Հալեպի ռմբակոծությունների մասին հարցին, որը հանգեցրել է մեծաթիվ զոհերի խաղաղ բնակչության շրջանում, Սիրիայի նախագահը հայտարարել է, թե «այդպիսին է քաղաքի ազատագրման գինը»։
Ասադի հարցազրույցի ամբողջական տարբերակը կհայտնվի այսօր France Info, LCP և RTL հեռուստաալիքների եթերում։