Լուկաշենկոն չի ստորագրել ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը. Բելառուսի ԱԳՆ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի ստորագրել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը, ընդամենը հաստատել է նախագիծը: Այս մասին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը, տեղեկացնում է RIA Novosti-ն։
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Բելառուսը չէր ստորագրել ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը։ Լուկաշենկոն հրաժարվել էր մեկնել Սանկտ Պետերբուրգ։ Ավելի ուշ Լուկաշենկոն իր հրամանագրով հավանության էր արժանացրել ԵՏՄ-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագիծը՝ որպես հիմք բանակցությունների համար և լիազորել երկրի Պետական մաքսային կոմիտեին այդ առնչությամբ բանակցություններ անցկացնել։
«Մի շարք ԶԼՄ-ներ այդքան էլ կոռեկտ չեն ներկայացրել այս լուրը: Ստորագրվել է ոչ թե Մաքսային օրենսգիրքը, այլ բանակցություններ անցկացնելու մասին հրամանագիրը»,-ասել է Միրոնչիկը: «Պայմանագրի նախագծով բոլոր սկզբունքային հարցերը, որպես օրենք, նախապես համաձայնեցվում են, սակայն մինչ ստորագրումը հնարավոր են որոշ շտկումներ»,- ասել է նա: