«2016-ին աշխարհաքաղաքականության մեջ նկատվեց հասարակ քաղաքացու ուժը». Լուկիանով

«Կարծում եմ՝ 2017թ. կլինեն ակտիվ ջանքեր բանակցային օրակարգը վերականգնելու ուղղությամբ, սա կլինի բոլոր կողմերի խնդիրը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկիանովը՝ ամփոփելով անցնող աշխարհաքաղաքական տարին։

Նա նշեց, որ անցնող տարվա ընթացքում աշխարհում բավականին հետաքրքրական զարգացումներ գրանցվեցին, որոնցում կարմիր թելով  նկատվեց  հասարակ քաղաքացու ուժը, ինչը նշանակում է, որ աշխարհն այս տարի ավելի ժողովրդավարական դարձավ։ «Խոսքը Բրիեքսիթի, ապա՝ Դոնալդ Թրամփի ընտրության մասին է, երկու դեպքում էլ հասարակությունները քվեարկեցին գլոբալիզացիայի դեմ։ Տեսանք՝ ինչ տեղի ունեցավ ԱՄՆ-ում, որտեղ հաղթեց ոչ քաղաքական գործիչը, ով խարխլեց Հիլարի Քլինթոնի դիրքերը, ով ստացավ բնակչության ձայների մեծամասնությունը։

Երրորդ նմանատիպ զարգացումը գրանցվեց Թուրքիայում, երբ հասարակությունը մերժեց ռազմական հեղաշրջման փորձը։ Սրանք կարևոր զարգացումներ եմ համարում աշխարհի համար, որոնք իրենց դրական հետևանքները կունենան հաջորդ  տարի, երբ սպասվում են ընտրություններ մի շարք եվրոպական երկրներում։ Հետաքրքիր կլինի հետևել այդ ընտրությունների արդյունքներին անցնող տարվա զարգացումների ֆոնին»,- ասաց Լուկիանովը։

Վերջինիս համոզմամբ՝ ուշագրավ էին նաև զարգացումները Մերձավոր Արևելքում, որտեղ Ռուսաստանը, Իրանն ու սիրիական բանակը որոշ հաջողություններ գրանցեցին, ամրապնդվեց Իրան-Ռուսաստան-Թուրքիա համագործակցությունը։

«Տարին վտանգավոր էր Ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալված ռազմական գործողությունների տեսանկյունից, այդ վտանգը կարծես պահպանվում է, սակայն՝ ոչ այն ծավալով, ինչ ապրիլյան պատերազմից առաջ, քանի որ կարգավորվել են ռուս-թուրքական հարաբերությունները, իսկ Ռուսաստանին հակամարտության բռնկում անհրաժեշտ չէ։ Կարծում եմ՝ հաջորդ  տարի կլինեն ակտիվ ջանքեր բանակցային օրակարգը վերականգնելու ուղղությամբ, սա կլինի բոլոր կողմերի խնդիրը»,- ասաց Լուկիանովը։

Տեսանյութեր

Լրահոս