Բաժիններ՝

ԱՄՆ-ը պահպանել է առաջին տեղը աշխարհում զենքի վաճառքի ցուցանիշով. New York Times

ԱՄՆ-ը 2015 թվականին շուրջ 40 մլրդ դոլար գումարի զենքի վաճառքի պարտավորագրեր է ստորագրել՝ պահպանելով առաջին տեղը ռազմական արտադրանք արտահանող երկրների ցուցակում: Այս մասին գրում է New York Times-ը՝ հղում անելով Կոնգրեսի հետազոտական ծառայության զեկույցին:

Ինչպես նշում է թերթը, սպառազինությունների շուկայում ստորագրված բոլոր պարտավորագրերի կեսը պատկանում է ԱՄՆ-ին, որը մեծապես առաջ է անցել իր մերձավոր հետապնդողից՝ Ֆրանսիայից, որին հաջողվել է վաճառել շուրջ 15 մլրդ դոլարի զենք:

2015 թվականին զենքի խոշորագույն գնորդները դարձել են Քաթարը, որն ավելի քան 17 մլրդ գումարի պարտավորագրեր է ստորագրել, Եգիպտոսը (12 մլրդ դոլար) եւ Սաուդյան Արաբիան, որը ձեռք է բերել 8 մլրդ դոլար գումարի ռազմական նշանակության արտադրանք:

Չնայած աշխարհում տիրող լարվածությանը եւ ահաբեկչական սպառնալիքին, ամբողջ աշխարհում զենքի առեւտրի ծավալները նվազել են 9 մլրդ դոլարով՝ 2014 թվականի 89 միլիարդից մինչեւ 80 միլիարդ՝ 2015 թվականին, գրում է հրատարակությունը: Ընդ որում, ինչպես նշում է թերթը, Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին հաջողվել է 2015 թվականին ավելացնել զենքի վաճառքը, իսկ այդ երկրների հասույթն աճել Է համապատասխանաբար 9 մլրդ եւ 4 մլրդ դոլարով:

Թերթի տվյալներով՝ 2015 թվականին զենքի վաճառքից Ռուսաստանի եկամուտներն ընդհանուր առմամբ մնացել են 2014 թվականի մակարդակի վրա. աննշան նվազում է գրանցվել 11,2 միլիարդից մինչեւ 11,1 մլրդ դոլար:

2015 թվականին զենքի վաճառքից Չինաստանի հասույթը կազմել է 6 մլրդ դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս