
Արտակարգ դեպք Աշտարակ քաղաքում. տեղի հիվանդանոցի բժիշկների շնորհիվ 5 քաղաքացու կյանք փրկվեց. Shamshyan.com

Այսօր՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ թունավորման ախտանիշներով իրենց մոտ են տեղափոխվել 5 քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ, 49-ամյա Լիաննա Սարիբեկյանը, 41-ամյա Բելլա Բաղրամյանը, 40-ամյա Միլենա Սարիբեկյանը, և Աշտարակի բնակիչներ, 54-ամյա Նելլի Սարիբեկյանն ու 71-ամյա Ամալյա Մովսիսյանը:
Նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Լինչի փողոցի 41ա տանից: Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է շմոլ գազը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տունը պատկանում է 56-ամյա Արմեն Ներսիսյանին և Երևանից ժամանած հյուրերը, ովքեր տանտիրոջ կնոջ բարեկամներն են, ժամանել էին Ամանորի տոների հետ կապված:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Աշտարակի հիվանդանոցի բժիշկների օպերատիվ և ճիշտ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել փրկել բոլորի կայնքը: