Բաժիններ՝

Իսրայելական «Շակշուկա». հանրահայտ լոլիկով ձվածեղի բաղադրատոմսը

«Շակշուկան» ուտեստ է ձվով, կծու պղպեղով, համեմունքներով, որը տապակում են լոլիկի սոուսում: Մատուցվում է սպիտակ կամ սև հացով:

Էներգետիկ արժեքը 1 չափաբաժնում

Կալորիականությունը – 393 կկալ
Սպիտակուցներ – 20 գ
Ճարպեր – 29.2 գ
Ածխաջրեր – 11.4 գ

Բաղադրիչներ

1. Սոխ – 1 գլուխ
2. Սխտոր – 4 պճեղ
3. Պղպեղ չիլի – 1 հատ
4. Ձիթապտղի յուղ – 50 մլ
5. Խնկածաղիկ – 1 պտղունց
6. Զիրա – 1 պտղունց
7. Լոլիկ՝ սեփական հյութում – 400 գ
8. Լոլիկի հյութ – 100 մլ
9. Ձու – 8 հատ
10. Համեմ – 10 գ
11. Մաղադանոս – 10 գ
12. Ֆետա պանիր – 50 գ
13. Աղ – ըստ ճաշակի
14. Աղացած սև պղպեղ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Մանր կտրատել սոխը, սխտորը և չիլի պղպեղը: Ձիթապտղի յուղի մեջ տապակել: Կարելի է մի պտղունց շաքարավազ ավելացնել՝ բանջարեղենը կարամելացնելու համար: Ավելացնել մի պտղունց խնկածաղիկ, մի փոքր զիրա և տապակել սոխը՝ սխտորի և չիլիի հետ այնքան, մինչև դրանք սկսեն «լաց լինել», կամ, ինչպես ասում են ֆրանսիացիները, «քրտնել»: Շատ տապակել պետք չէ:

2. Հիմա պետք է լցնել կոնսերվացված լոլիկի սոուսը և տապակել սոխի և մնացածի հետ՝ խառնելով մոտ 1 րոպե: Ավելացնել լոլիկի հյութ, որպեսզի սոուսը դառնա բավականին ջրիկ, և եփել 1-2 րոպե:

3. Ավելացնել աղը, սև կամ սպիտակ աղացած պղպեղը և մաղադանոսը: Սոուսի մեջ զգուշությամբ կոտրել ձվերը: Ավելացնել ֆետայի կտորները: Կրակը թավայի տակ կարելի է հասցնել մինիմումի: Իսկ հետո ընդհանրապես թավան ուղարկել ջեռոցի մեջ 3 րոպեով: Ձվերը պետք է պահպանեն իրենց դեղնուցները բավականին թույլ վիճակում:

4. Վերջում ձվածեղի վրա անհրաժեշտ է լցնել մաղադանոս և համեմ:

5. «Շակշուկան» կարող եք մատուցել սուրճի հետ միասին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս