
Երևանի «Դրուժբա» հյուրանոցում հայտնաբերվել է ռուսական զորամասի շտաբի պետի տեղակալի դին

Երևանում հայտնաբերվել է ռուս սպայի դի: Ինչպես գրում է ТАСС-ը, ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ հունվարի 1-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ «Դրուժբա» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի:
Պարզվել է, որ մահացածը Ռուսաստանի Դաշնության 45-ամյա քաղաքացի Վիկտոր Եմելյանովն է: Վերջինս ծառայում էր Հայաստանում ռուսական զորամասերից մեկում` որպես զորամասի շտաբի պետի տեղակալ, կոչումով`մայոր:
Ոստիկանությունից հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կատարվում է քննություն: