Բաժիններ՝

Այսօր Հռոմի Ս. Սեղբեստրոս հայրապետի, Ս. Բարսեղ Կեսարացի հայրապետի, Ս. Գրիգոր Նյուսացու և Ս. Եփրեմ Խուրի Ասորու հիշատակության օրն է

Ս. Բարսեղ Կեսարացի հայապետը ծնվել է 330թ. Կեսարիայում, քրիստոնյա շատ պատվական ընտանիքում: Ուսումը շարունակել է Կ. Պոլսում և Աթենքում: Նվիրվելով վանական կյանքի՝ նա պայքարել է արիոսականության դեմ: 370-379թթ. Կեսարիայի արքեպիսկոպոսն էր: Պերճախոս քարոզիչ, հմուտ բարեկարգիչ և խստակոնցաղ հոգորական էր: Օժտված էր բացառիկ կազմակերպչական հատկությամբ, բացի վանքերից հիմնել է բազմաթիվ բարեգործական հաստատություններ աղքատների և հիվանդների համար, դպրոցներ և որբանոցներ տղաների համար: Նրա մատենագրական գործերից նշանավոր են «Ս. Պատարագ»-ը, «Վեցօրեք»-ը, որը  ստեղծագործության վեց օրերի  մասին բացատրական  ինը ճառեր են, նաև իր աղոթքները, որոնց մի մասը մինչև օրս կարդացվում են եկեղեցիներում մեծ տոներին:

Ս. Գրիգոր Նյուսացին՝ Ս. Բարսեղ Կեսարացու կրտսեր եղբայրը, Նյուսա քաղաքի եպիկոպոսն էր: Մեծ մատենագիր էր, նաև աստվածաբանական, մեկնողական բազմաթիվ գործերի հեղինակ: Վախճանվել է 395թ.:

Հռոմի Ս. Սեղբեստրոս հայրապետի պաշտոնավարության շրջանում սկսել են կառուցվել Վատիկանի Ս. Պետրոս եկեղեցին, Լաթերանի բազիլիկան, որը նրա օրոք Հռոմի մայր եկեղեցին էր: Պատմական իրողություն է այն, որ Սեղբեստրոս հայապետը մկրտել է մահվան շեմին գտնվող Կոստանդիանոս թագավորին: Եղել է Հռոմեական եկեղեցու  կազմակերպիչներից և բարեզարդիչներից մեկը՝ ծիսական, վարչական և այլ ոլորտներում:

Ս. Եփրեմ Խուրի Ասորին մեծ մատենագիր և սրբակենցաղ անձ է: Ծնվել է 306թ. Մծբին քաղաքում: Աշակերտել է Ս. Հակոբ Մծբնեցուն և նրա հետ միասին մասնակցել Նիկիայի ժողովին: Ունեցել է խոր գիտելիքներ կրոնական և գրական գրեթե բոլոր ոլորտներում, նաև բանաստեղծ է: Հեղինակ է Ս. Գրոց մեկնաբանության, աստավածաբանական աշխատությունների, ներբողների, քարոզների, շարականների, պայքարել է հերետիկոսների և աղանդների դեմ: Նրան են վերագրվում ավելի քան հազար ճառեր և ներբողներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս