«ՀՀ զինված ուժերը այդ փորձին տվել են համարժեք արձագանք». Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Զինուժ» հեռուստածրագրին՝ ամփոփելով 2016 թվականը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև դեկտեմբերի 29-ի առավոտյան Տավուշի մարզի Չինարի գյուղից հարավ-արևելք տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման փորձին։
«Ցավոք սրտի, կարծում եմ, որ այս միջադեպը շատ ուղիղ պատասխան էր բոլոր նրանց, ովքեր փորձում են ռացիոնալ օղակ փնտրել իռացիոնալի մեջ։ Կարծում եմ, որ որևէ տրամաբանական բացատրություն այս փորձին գոյություն չունի։ Սա ուղղակի այլատյացության, ներքին ագրեսիայի ձևավորման, զինվորական առումով չբացատրելի արարքները հերոսացնելու երկարաժամկետ, իմ գնահատականով՝ չափազանց իռացիոնալ քաղաքականության արդյունքն ու դրսևորումն է»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
Նա նշել է, որ ՀՀ զինված ուժերը համարժեք արձագանք են տվել. «Ինչպես միշտ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը այդ փորձին տվել են համարժեք արձագանք, կատարվել են ինչպես կանխարգելիչ, այդպես էլ պատժիչ միջոցառումներ, և այդ մոտեցումը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև հակառակորդը չհասկանա, որ անիմաստ է փորձել լուծել մի խնդիր, որն այդպես չի լուծվում՝ զինվորական, ռազմական ճանապարհով: Յուրաքանչյուր կորուստ, որ մենք ունենում ենք զինված ուժերում, մեր ողջ ժողովրդի և մեր ողջ երկրի կորուստն է։ Եվ չկա որևէ գին, որը պարտադրելով հակառակորդին, մենք կլրացնենք այդ կորուստը։ Բայց գինը միշտ լինելու է, և այդ գինը լինելու է անհամաչափ, այնքան ժամանակ, ինչքան կպահանջվի մինչև վերջ այս գաղափարը հակառակորդին հասցնելու համար»։