Բաժիններ՝

«Պետք են նոր լուծումներ, նոր համարձակ քայլեր: Մենք հապաղելու ժամանակ և իրավունք չունենք». Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ
Ավարտին է մոտենում 2016 թվականը՝ լի դժվարին փորձություններով և ծանր դառնություների գնով ձեռք բերված թանկ հաղթանակներով: Վտանգի պահին մենք ականատես եղանք համազգային միավորման ու վերելքի և բռունցք դարձած գոտեպնդվելով՝ անառիկ պահեցինք այն հողը, որ քանիցս ներկվել է մեր մարտական ընկերների, մեր որդիների տաք արյունով:
Մտովի թվարկելով և սրտումս ունենալով Ազատամարտի առաջին օրից մինչև այսօր հանուն հայրենիքի նահատակված քաջ հայորդիներիդ անունները՝ խոնարհվում եմ ձեր պայծառ հիշատակի առաջ: Մենք պատասխանատվություն ենք կրում ձեր կյանքով փրկագնված ամեն մի թիզ հողի համար: Այսօր սահմանին կանգնած ձեր ընկերները շարունակում են ձեր սրբազան գործը:

Սիրելի՛ զինակից ընկերներ՝ սահմանին կանգնած սպաներ ու զինվորներ, մեր բոլորի սրտերը, հույզերը, մտքերը ձեզ հետ են: Ու թեև դուք չեք բարձրաձայնում ձեր խիզախության, ամենօրյա սխրանքների մասին, սակայն ես լավ գիտեմ՝ ինչպիսի դժվարությամբ, բայց նաև շատ բարձր պատասխանատվությամբ եք կատարում ձեր ծառայությունը՝ լուռ և հպարտ պահպանելով մեր Հայրենիքի անառիկությունը, հսկելով մեր ընտանիքների, ծնողների և երեխաների անվտանգությունը:
Օրեր անց մենք կթևակոխենք 2017 թվական: Ինձ համար սպասելիքները և ծրագրերը հստակորեն ուրվագծված են: Հայաստանի տնտեսությունը կարիք ունի արմատական բարեփոխումների, քաղաքական հարաբերությունները՝ որակական նոր մակարդակի բարձրացման և կառուցողական վերադասավորումների, անվտանգության համակարգը՝ առավել հզորացման: Այս ամենին զուգահեռ՝ արդարության առավելագույնս հաստատումը վստահության ալիք կառաջացնի մեր հասարակության շրջանում:

Մի քանի ամիս հետո տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնց դերն ու նշանակությունը մեծապես տարբերվում են նախորդ ընտրություններից. մեզ սպասվում են նախագահականին հավասարազոր ընտրություններ, որոնց արդյունքում ձևավորվելու է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունը:

Կարևոր է գիտակցել, որ յուրաքանչյուրիս քվեից է կախված մեր պետության հետագա ընթացքը: Յուրաքանչյուրիս քվեից է կախված՝ կզարգանա՞ տնտեսությունը, թե կշարունակի դոփել նույն տեղում, կվերականգնվի՞ արդարությունը, մեր հայրենակիցների ընտանքիները կմնա՞ն Հայրենիքում, թե կբռնեն արտագաղթի ճանապարհը: Եվ ի վերջո, հակառակորդը կգնա՞ ռազմական արկածախնդրության, թե կընտրի խաղաղ կարգավորման ճանապարհը:

Եկել է իրական գործողությունների, իրական արդյունքների և ձեռքբերումների ժամանակը: Պետք են նոր լուծումներ, նոր համարձակ քայլեր: Մենք հապաղելու ժամանակ և իրավունք չունենք: Հզոր և արարող ժողովուրդ լինելով՝ 10-միլիոնանոց համաշխարհային հայկական հանրությունը պետք է ունենա միասնական նպատակներ, և ողջ հայության համատեղ ուժերով զարգացնի Հայաստանն ու Արցախը:

Սիրելի՛ հայրենակիցներ, եկե՛ք Ամանորի գիշերը, երբ կղողանջեն ժամացույցի զանգերը՝ ավետելով նոր տարվա սկիզբը, բոլորս Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բաժակ բարձրացնենք մեր ստեղծագործող և հողը շենացնող ժողովրդի համար, մեր հերոսական բանակի համար: Մաղթենք, որ գալիք տարում հայ ժողովուրդը ընթանա համազգային երազանքների իրականացման ճանապարհով՝ ավելի հզոր ու անառիկ դարձնելով մեր պապենական ամրոցները՝ Հայաստանն ու Արցախը:

Թող սերը, ջերմությունը, խաղաղ արարումի բերկրանքը չլքեն մեզ: Եվ հավատով տոկուն լինենք՝ պատրաստ միասին կերտելու մեր արժանապատիվ ապագան:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս