«2016-ը ոչ այնքան ստեղծագործական տարի էր, որքան անցյալի կուտակումներն ու պտուղները հավաքագրելու ժամանակ». Անուշ Ասլիբեկյան
Գրող Անուշ Ասլիբեկյանը՝ երգիչ, երգահան Վահան Արծրունու մուսան և կինը, մեզ հետ զրույցում պատմել է անցնող՝ 2016 թվականի ձեռքբերումների և կորուստների մասին:
«Հետաքրքիր տարի էր՝ հակասական, իրարամերժ իրադարձություններով լի: Քաղաքական և հանրային հարթակում անհանգիստ, մշակութային իրադարձություններով՝ առատ տարի: Որքան էլ ողբերգական ու ծանր է հիշելը, սակայն մոռանալ չի լինի ապրիլյան քառօրյա պատերազմը: «Սասնա ծռերի» գործողությունները ևս պետք է հիշել, որ եկող տարիներին՝ մեր հայրենիքի ապագան կերտելիս, նրանց հաղորդած անձնվեր կամքն ու ոգին մեզ ուղեկից լինեն»,- նշում է Անուշը: Ստեղծագործական տարին, ըստ Անուշի՝ բավականին յուրօրինակ է եղել:
«2016-ը ոչ այնքան ստեղծագործական տարի էր ինձ համար, որքան անցյալ տարիների կուտակումներն և պտուղները հավաքագրելու ժամանակ: Բացի այդ, Թատերական գործիչների միության կողմից՝ որպես թատերագետ, գործուղվեցի Չինաստան՝ մասնակցելու Թատրոնի միջազգային ինստիտուտի ֆորումին, որտեղ հանդես եկա հայ թատրոնին նվիրված զեկուցումով: Թե՛ սոցիալական, թե՛ ներքաղաքական առումով անհանգիստ մեր երկրում, երբ ապրում ենք պատերազմական տագնապների և ամեն օր ահագնացող արտագաղթի իրողությունների պայմաններում, այնուամենայնիվ, միանշանակ հասկացություններ կան՝ մեր լեզուն, մեր անկախությունը, մեր հավատը, մեր երկրի սահմանների անսասանությունը: Տարին ինձ համար եռագույն էր, քանի որ Անկախության 25-ամյակը տոնելու երջանկություն ունեցանք»,- նշում է Անուշը: