2016 թվականը «ծանր» տարի էր Հայաստանի համար. Միքայել Մելքումյան
2016 թվականը «ծանր» տարի էր Հայաստանի համար։ Այս կարծիքին է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Միքայել Մելքումյանը։
168.am-ի հետ զրույցում ամփոփելով տարին՝ Մ. Մելքումյանը նշեց, որ առաջին կարևոր և ծանր իրավիճակն ապրիլյան քառօրյա պատերազմն էր, որը, ըստ նրա, ևս մեկ անգամ ցույց տվեց, որ միշտ պետք է զգոն լինել. «Երկրորդը՝ հուլիս ամսին ՊՊԾ գնդի հետ կապված խնդիրն էր, որը բավականին լուրջ սթրես առաջացրեց և լուրջ խորհելու, մտածելու տեղիք տվեց։ Կառավարություն փոխվեց, այդ առումով պետք է ասեմ, որ նոր կառավարությունը որոշակի նոր դրական սպասումներ է միգուցե ձևավորել հասարակության մեջ, բայց դրա արդյունքները դեռ հետո կերևան, որովհետև տնտեսական-սոցիալական առումով մենք տեսնում ենք, որ չկա աշխատավարձերի բարձրացում, թոշակների բարձրացում, չկա եկամուտների աճ, ընդհակառակը՝ մենք ունենք ոչ պոզիտիվ իրավիճակ բիզնեսի դաշտում, ներդրումներ չկան, տրանսֆերտները կրճատվել են, նոր վարկեր ենք ներգրավում։ Այս բոլորը լուրջ խնդիրներ են, որոնք մտածելու տեղիք են տալիս»։
Ձեռբերումների մասով՝ Մ. Մելքումյանը նշեց, որ այս տարի «Պառլամենտ մոնիթորինգի» կայքով ինքն ամենակտիվ պատգամավորն է ճանաչվել. «Դա ձեռբերում եմ համարում։ Քաղաքական որոշակի հասունություն նաև ունեցանք մենք։ Գիտեք, որ ԲՀԿ-ի համար վերջին երկու տարին բավականին լուրջ փորձություններով մենք անցանք, բայց, փառք Աստծո, մենք կարողացանք մեր կուսակցության դիմագիծը պահել, հավատարիմ մնացինք մեր ծրագրերին, որպես թիմ ավելի ամրապնդվեցինք և հիմա պատրաստվում ենք հաջորդ քաղաքական մեծ միջոցառմանը՝ պառլամենտական ընտրություններին»։
Նա առանձնացրեց նաև այն հանգամանքը, որ արդեն 2017թ. Հայաստանը դառնում է խորհրդարանական երկիր. «Կարծում եմ՝ մեր կուսակցությունն անպայման կունենա հաջողություն, բայց, իհարկե, ամեն ինչ կյանքը ցույց կտա։ Ակնկալիքները համեստ չեն, բավականին պատկառելի են, և կարծում եմ՝ մենք այդ հաջողությունը կունենանք, ինչպես մեր երկիրն արժանի է ավելի լավ կյանքի»։ Մ. Մելքումյանը չհստակեցրեց՝ իրենց դաշինքո՞վ, թե՞ մենակ են գնալու ընտրություններին։ Նա նշեց, որ ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափի մասին հայտնելը կմնա երևի հունվարյան տոներից հետո։