
Ըստ հաղորդման` քննիչը չարաշահել է պաշտոնեական դիրքը

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ավազակային հարձակման մեջ մեղադրվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Անդրանիկ Ա.-ն հաղորդում է տվել պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից։
Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Անդրանիկ Ա.-ն 2016թ.-ի հուլիսի 23-ին` հանցագործություն կատարելուց հետո, իր ավտոմեքենայով դիմել է փախուստի, սակայն Երևան-Իջևան ավտոճանապարհին վթարի է ենթարկվել: Դեպքից հետո Անդրանիկ Ա.-ի քրեական գործը քննող ՀՀ քննչական կոմիտեի քննիչը ավտոմեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերել է կալանավորին պատկանող` 3.500.000 ՀՀ դրամ արժողությամբ «Վերտու» ապրանքանիշի հեռախոս, սակայն, ելնելով շահադիտական նպատակներից, չի կատարել իր ծառայողական պարտականությունները` թաքցրել է թանկարժեք հեռախոսի հայտնաբերման փաստը և այն չի կցել քրեական գործի նյութերին: Այդպիսով, վերջինս, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, էական վնաս է հասցրել պետության, ինչպես նաև Անդրանիկ Ա.-ի օրինական շահերին և իրավունքներին:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալհանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: