Բաժիններ՝

«Նաիրիտում», որպես մետաղի թափոն, կրկին սարքավորումնե՞ր են վաճառում

Դատարանի կողմից սնանկ ճանաչված «Նաիրիտ» գործարանում վերջին շրջանում բավականին ակտիվ է։ 168.am-ի տեղեկություններով՝ տարբեր մարդիկ են այցելում գործարան և արագացված կարգով որոշ ապրանքներ են սկսել վաճառել, մասնավորապես՝ վաճառում են օդի բաժանման տեղամասի 2 բլոկ՝ կոմպրեսորով, որը նախատեսված է թթվածնով, ացետիլենով կաուչուկ արտադրելու համար։ Դրա վաճառքի դեպքում ացետիլենով արտադրություն սկսելն այլևս անհնար կլինի։ Ընդ որում, ըստ մեր աղբյուրի, այդ ամենը վաճառվում է՝ որպես մետաղի թափոն։

Մինչդեռ այսօր գործարանում որևէ նման վաճառք անօրինական է, քանի դեռ պարտատերի ժողով չի կայացել, համապատասխան որոշում չի կայացվել։ Մեր աղբյուրը նաև նշում է, որ գործարանում ամենաթողություն է տիրում, հայտնի չէ, թե ո՞վ է տերը՝ նախկին տնօրե՞նը, սնանկության կառավարի՞չը, թե՞ այլ անձ։

Գործարանի սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը մեզ հետ զրույցում հերքեց մետաղի թափոնի անվան տակ սարքավորումների վաճառքը. «Այս պահի դրությամբ՝ նման բան չկա։ Եթե որևէ մեկը որևէ փաստ ունի, թող ներկայացնի իրավապահ մարմիններին, մենք քննություն սկսենք»։

Նա տեղեկացրեց, որ մինչև լուծարման վարույթ սկսելը գործարանի տնօրինությունն ամբողջությամբ շարունակում է իր լիազորությունները։ Կ. Ասատրյանի խոսքով՝ այժմ ընթանում է սնանկության վարույթը, պարտատերերի պահանջների ներկայացման շրջանն է, որ սկսվել է դեկտեմբերի 2-ին և կավարտվի հունվարի սկզբին։ Թե դրանից հետո ի՞նչ է լինելու, ըստ Կ. Ասատրյանի՝ ոչ ոք չի կարող ասել, քանի որ գործընթացը շարունակական է, փետրվարի 14-ին պարտատերերի առաջին ժողովն է նշանակված, պահանջատերերի ցուցակը պետք է հաստատվի, եթե առողջացման ծրագիր կա, ժողովում պետք է ներկայացվի, քննարկվի, եթե չկա, որոշվի՝ ինչ է լինելու։

Ըստ նրա՝ քանի որ «Նաիրիտի» արտադրանքը միջազգային նշանակության է համարվում, սպեցիֆիկ է, համապատասխան փորձագետների եզրակացություններ պետք է լինեն, ամպագոռգոռ հայտարարություն կամ շարադրություն չպետք է լինի. «Պետք է ամբողջական ուսումնասիրվի, այդ ծրագիր ասվածը պետք է իրատեսական լինի։ Եվ օրենքով սահմանված է, որ ծրագիրը քննարկման է դրվում պարտատերերի ժողովում»։

«Ես էլ հավելեմ, որ այսօր արդեն դեկտեմբերի աշխատավարձն աշխատողներին փոխանցել եմ՝ ավանսային կարգով, այսինքն՝ սոցիալական հարցն էլ է կարգավորվում»,- նշեց Կ.Ասատրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս