
Շտապօգնության երկու մեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Դեկտեմբերի 29-ին, ժամը 03.00-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 9 շենքի բակում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Պարզվել է, որ արգելափակվել են շտապօգնության երկու ավտոմեքենա: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford» մակնիշի 793 LU 64 (վարորդ՝ Հ. Վ.) և «Ford» մակնիշի 033 UL 64 պետհամարանիշերով (վարորդ՝ Ա. Մ.) շտապօգնության ավտոմեքենաները:
Դեկտեմբերի 29-ին, ժամը 00.34-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Աղբյուրակ» ջրամբարի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 34 CD 351 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):