Բաժիններ՝

Նախկին կնոջն ու նրա ծնողներին կացնահարելու գործը՝ դատարանում. ինչն էր կացնահարության պատճառը

2016թ. հուլիսի 8-ին Երևանում նախկին կնոջը և նրա ծնողներին կացնահարելու գործի նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործն ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան։

Քրեական գործի շրջանակներում Վ. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախկին կնոջ, վերջինիս ծնողների հետ ունենալով անբարյացակամ փոխհարաբերություններ, 2016թ. հուլիսի 8-ին ժամը 01:00-ի սահմաններում, Երևանի շենքերից մեկի բակում իր մանկահասակ երեխային տեսակցելու հարցի շուրջ հերթական անգամ վերջիններիս հետ վիճաբանելուց հետո, երբ նախկին կինն ու նրա մայրը գնացել են Ոստիկանություն, համոզված լինելով, որ նրանք վերադառնալու են տուն, երեխային տեսակցելն արգելելու պատճառով նրանցից վրեժխնդիր լինելու շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած կացնով դարանակալել է հիշյալ շենքի շքամուտքում։

Ըստ մեղադրական եզրակացության՝ երբ 04:30-ի սահմաններում նախկին կինն ու նրա մայրը մտել են շենքի մուտք և բարձրացել առաջին հարկում գտնվող իրենց տան ուղղությամբ, շքամուտքում, նրանց համար անսպասելի, հետևի կողմից հարձակվել է նրանց վրա, նախ` կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, ապա` նույն կացնով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել շքամուտքից դեպի 2-րդ հարկ տանող աստիճաններին կանգնած կնոջ մոր գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար կյանքից զրկելով նրան:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ այնուհետև, նույն կացնով, ապօրինաբար կյանքից զրկելու հանկարծակի ծագած դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել օգնության կանչի ձայներից տանից դուրս եկած կնոջ հոր գլխին, ուսին, ձեռքերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, սակայն իր կամքից անկախ՝ գործողություններն ավարտին չի հասցրել, քանի որ աղմուկի ձայներից հարևանը դուրս է եկել բնակարանից և, գործուն միջոցներ ձեռնարկելով` հետևի կողմից փաթաթվելով` Վ.Մարտիրոսյանին հեռացրել է Մանսուրյաններից։

Վ. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ 2016թ. հունիսի 3-ին, ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչական շենքում իր երեխային տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ հետ, որի ընթացքում սպառնացել է, որ կսպանի, կվերացնի նրան, իսկ երեխան երկու տարեկանը չի բոլորի, այդ սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ է եղել:

Քրեական գործը մակագրվել է Շենգավիթ վարչական շրջանի դատարանի նախագահ Դավիթ Բալայանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս