Բաժիններ՝

Իսկական իրանական Ամանորյա փախլավայի բաղադրատոմսը

Ո՞րն է իրանական փախլավայի առանձնահատկությունը: Այն չես խառնի ոչ մի բանի հետ՝ շնորհիվ հիլի և զաֆրանի: Ընդ որում, այն այնքան էլ քաղցր չէ:

Իրանական փախլավա. Բաղադրիչներ

Խմորի համար.

1. Ալյուր – 1 կգ
2. Հալած պանիր – 200 գ
3. Կաթ – 200 մլ
4. Ձվի դեղնուց – 3 հատ
5. Չոր դրոժ – 1 թ/գ
6. Զաֆրանի թուրմ – 2 թ/գ
7. Բուսայուղ – 2 թ/գ

Խճողակի համար.

1. Մաքրած ընկույզ – 500 գ
2. Շաքարավազ – 500 գ
3. Աղացած հիլ – 1 ճ/գ

Զարդարելու և լցվածքի համար.

1. Մաքրած ընկույզ – 2/3 բաժակ
2. Հալած կարագ – 250 գ

Օշարակի համար.

1. Շաքարավազ – 250 գ
2. Ջուր – 250 մլ
3. Ջրիկ մեղր – 60-80 մլ

Պատրաստման եղանակը.

1. Պատրաստել զաֆրանի թուրմը: Զաֆրանը դարձնել փոշի, վրան լցնել տաք ջուր: 5 գ զաֆրանի վրա լցնել 750 մլ ջուր: Խճողակի համար ընկույզը մանրացնել, խառնել շաքարավազի և աղացած հիլի հետ: Ալյուրը մաղել, վրան ավելացնել ձվի 2 դեղնուց, կաթ, հալած կարագ, ավելացնել դրոժը, 1 թ/գ զաֆրանի թուրմը: Խմոր հունցել: Դնել սառնարանի մեջ 30 րոպե:

2. Խմորին երշիկի տեսք տալ: Բաժանել 8 հավասար մասերի: Յուրաքանչյուր կտորից գունդ ձևավորել: 6 գնդերը գրտնակել շատ բարակ, կիսաթափանցիկ (1.5-2 մմ) շերտի, իսկ 2-ը (ներքևինը և վերևինը) թողել մի փոքր ավելի հաստ: Տապակի վրա կարագ քսել, դնել վրան հաստ շերտերից մեկը և խճողակի մի մասը: Ծածկել բարակ շերտով, վրան նորից խճողակ լցնել: Հերթով շարել շերտերը և խճողակը: Վերևի շերտի վրա քսել դեղնուցի 1 թ/գ զաֆրանի թուրմի և բուսայուղի խառնուրդը: Դնել ջեռոցի մեջ 5 րոպե:

3. Հանել տապակը, կտրատել փախլավան: Յուրաքանչյուր կտոր զարդարել ընկույզով: Վրան լցնել հալած կարագ, թխել 45 րոպե 200 աստիճան ջեռոցում:

4. Պատրաստել օշարակ: Ավելացնել մեղր և եփել խառնուրդը: Հանել փախլավան և վրան լցնել օշարակը: Մատուցել սառը վիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս